NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը Վանաձորում էլ «ստոպ» ասացին

«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ ստեղծված կրքերը չեն հանդարտվում: Ապրիլի 17-ին հայտարարություն
է տարածել Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ դատապարտելով Վանաձորում
իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի վրա հարձակումը: Խնդրի
վերաբերյալ իրավական տեսանկյունից հայտարարություն է արել նաև
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Ադրբեջանական ֆիլմարտադրողի
ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է վրդովեցնել
կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային
բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», -գրված է Human Rights Watch-ի
հայտարարության մեջ:
Կազմակերպությունը գտնում
է, որ «իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը և երաշխավորեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
անձնակազմի (ՀՔԱՎ)անվտանգությունն ու ապահովությունը»:
Հիշեցնենք,
որ ֆիլմերը նախ չցուցադրվեցին Գյումրի քաղաքի «Ասպարեզ» մամուլի ակումբում:
Ապրիլի 12-ին այնտեղ ցուցարարները շրջապատել էին «Ասպարեզի» շենքը, վիրավորական արտահայտություններ
էին գրել մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի վրա, հարվածել ու քաշքշել
էին ցուցադրության կազմակերպիչ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանին:
Այս իրադարձություններից հետո Վանյանը հայտարարել էր, որ ֆիլմերի
ցուցադրությունը չի կայանա, քանի որ մտահոգված է մարդկանց անվտանգության համար, և հեռացել
էր Գյումրիից:
Դրանից հետո ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց փառատոնին աջակեցելու իր
մտադրության մասին: Քաջ գիտակցելով, որ նույն պատմությունը կարող է կրկնվել, Վանյանը
չհրաժարվեց ֆիլմերը Վանաձորում ցուցադրելու գաղափարից, բայց այստեղ նույնպես դիմադրության
հանդիպեց:
36 հասարակական կազմակերպություններ հանդես եկան կոչով և հայտարարում էին, որ վանաձորցիները գյումրեցիներից պակաս պատվախնդիր մարդիկ չեն,
և թույլ չեն տա, որ այդ «ազգադավ» միջոցառումը իրականանա Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին:
«Հարկ ենք համարում նաև նախազգուշացնել
միջոցառման կազմակերպիչներին և նրանց օժանդակողներին, որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք»,- ասված է հայտարարությունում:
Ապրիլի 16-ին մոտ 200 ցուցարարներ հավաքվել էին ՀՔԱՎ գրասենյակի
դիմաց՝ պահանջելով, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին ֆիլմերի ցուցադրման
համար:
Նույն օրը ՀՔԱՎ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի
համաձայն՝ ցուցարարները քարեր և ձվեր են շպրտել գրասենյակի ուղղությամբ,
ջարդել են գրասենյակի պատուհանները և սպառնացել անձնակազմին: Նետված քարերից մեկը դիպել է կազմակերպության աշխատակիցներից մեկին:
ՀՔԱՎ գրասենյակի աշխատակիցները
կարծում են, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի ազատ արտահայտում,
այլ՝ բռնության և սպառնալիքների կիրառմամբ խոչընդոտվել է կազմակերպության կողմից իր
տարածքը տնօրինելու իրավունքը, խաթարվել է կազմակերպության բնականոն գործունեությունը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին բաց նամակ է տարածել ՀՔԱՎ գրասենյակի խորհուրդը:

«Ցույցի և այս հարձակումների ողջ ընթացքում 4 ոստիկաններ գտնվել են ամբոխի կողքին
և ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Որոշ ոստիկաններ կանգնած են եղել ամբոխի ետևում և ուղղակի
դիտել են, թե ինչպես է հարձակումը տեղի ունենում: Կազմակերպությունը զանգահարել է ոստիկանության
Վանաձորի բաժանմունք, սակայն ոստիկանները ժամանել են միայն ամբոխի հեռանալուց հետո»,-
գրված է բաց նամակում:
Կազմակերպության խորհուրդը հայտարարում է, որ իրենք դեմ չեն ցույցեր անցկացնելու
և սեփական կարծիքն արտահայտելու իրավունքին, սակայն մտահոգված են, որ ոստիկանությունը
չի միջամտել, երբ տեղի են ունեցել բռնի գործողություններ:
Ըստ նույն նամակի՝ գրասենյակի ներսում և դրսում գտնվող անվտանգության տեսախցիկները
տեսաձայնագրել են ամբողջ ընթացքը և տեսագրությունը տրամադրվել է ոստիկանությանը:
Վանաձորյան իրադարձություններից հետո
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության դեմ պայքարող բլոգեր Տիգրան Քոչարյանը
«Ֆեյսբուքում» գրեց.
«Վանաձորում էլ վանյանական
Ազռների փառատոնը կանխվեց: Ապրի Լոռին, ապրի լոռեցին! Ապրեն գյումրեցիները! Հալալա
ձեզ!!! Բրիտանական դեսպանատանը խորհուրդ կտայի, իր failed եղած կադռերից ազատվի ու
մյուս անգամ հասկանա, որ պատերազմում հաղթած ազգի վզին միակողմանի բաներ չեն փաթաթում»:
Հիշեցնենք, որ Քոչարյանը www.hra.am -ին ավելի վաղ հայտնել էր,
որ իր ունեցած տվյալներով՝ ֆիլմերի ցուցադրության համար Վանյանը ԱՄՆ դեսպանատնից դրամաշնորհ
չի ստացել: Նա նամակով դիմել է դեսպանին և սպասում է պատասխանի: Վանյանը պնդում է,
որ այս ծրագիրն իրականացնում է ԱՄՆ և Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ:
Դեմ լինելով ադրբեջանական
ֆիլմերի ցուցադրությանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ
է համարել հայտարարությամբ հանդես գալ՝ դատապարտելով բռնությունները ցանկացած անձի
և հատկապես՝ «հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների
նկատմամբ»:
«Բռնությունն իրավապաշտպանների
և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության
համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք
արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն
մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Անդրեասյանը կոչ է արել լինել
իրական քրիստոնյա, քանի որ մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին չի կարող քարերով
արտահայտել իր անհամաձայնությունը, իսկ օրենքի
տառով գործող իրավապահը՝ անտարբեր լինել նման հանցագործության նկատմամբ:
Կարինե Իոնեսյան
Մերի Ալեքսանյան
