Քննչականի պարզաբանումը հակասում է ՀՀ սահմանադրությանը

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման ենթարկելու ու Նորքի հոգեբուժարան տանելու վերաբերյալ ներկայացրել է ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող պարզաբանում:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման էին ենթարկել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք Հանրային հեռուստաընկերության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար։ Ոստիկանների փոխանցմամբ՝ահազանգ է ստացվել, իբրև այդ մարդը հոգեկան հիվանդ է, քանի որ պաստառը ձեռքին կանգնած է եղել հեռուստաընկերության շենքի առջև: Հետո նրան տեղափոխել են Նորքի հոգեբուժարան և մի քանի ժամից ազատ արձակել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով համապատասխան քննություն իրականացնել քաղաքացու ազատություններին ապօրինի միջամտելու փաստի առթիվ և պատժել իրավախախտ պաշտոնատար անձանց՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պատասխանի մեջ նշված է, որ բժշկական հետազոտության արդյունքում պարզել են, որ Կարապետյանը չունի հոգեկան հիվանդության «սուր» ախտանիշներ, բայց նրան առաջարկել են հոսպիտալացնել, որից Կարապետյանը հրաժարվել է, ու նրան բաց են թողել հարկադիր հոսպիտալացման հիմքեր չլինելու պատճառով:

ՀՔԾ-ն նաև նշել է.

«Պարզվել է, որ Երվանդ Կարապետյանը տվյալ օրը ոստիկանության բաժանմունք է բերման ենթարկվել հանրային հեռուստաընկերության շենքի մոտ դրսևորած տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագծի համար: Ոստիկանության բաժանմունքում ևս նա տարօրինակ պահվածք է դրսևորել, չի պատասխանել հարցերին, հրաժարվել է որևէ բացատրություն տալ և մեկնաբանել իր վարքագիծը»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն գտնում է, որ ոստիկանի հարցերին չպատասխանելը, բացատրություն տալուց կամ սեփական վարքագիծը մեկնաբանելուց անձի հրաժարվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա օրենքով պարտադիր է, բխում է ՀՀ սահմանադրությունից, օրենքներից և վավերացրած միջազգային պայմանագրերից, ինչպես նաև իրավունքի հիմնարար և հանրաճանաչ սկզբունքներից:

ՀՔԾ պատասխանն ամբողջությամբ՝ այստեղ։