Քարոզարշավի լուսաբանումն ավելի հավասարակշռված է դարձել

Երևանի մամուլի ակումբը հրապարակել է նախընտրական քարոզարշավի մոնիտորինգի հերթական տասնօրյակի (ապրիլի 8-17) արդյունքները: Հիշեցնենք, որ մոնիթորինգն իրականացվում է մարտ ամսից և դիտարկվում են Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և Հայաստանի հանրային ռադիոն:

ԵՄԱ փորձագետներն արձանագրել են, որ ապրիլի 8-17-ը հեռարձակվող ԶԼՄ-ները հիմնականում ապահովել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանում: Ի տարերություն մշտադիտարկման նախորդ փուլերի՝ թաքնված քաղաքական գովազդի ակնհայտ հատկանիշներ չեն արձանագրվել, դիտարկված հաղորդումները հիմնականում հավասար պայմաններ են տրամադրել առաջադրված քաղաքական ուժերին՝ իրենց ծրագրերն ու հայացքներն ընտրազանգվածին ներկայացնելու համար:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ որոշակի խոչընդոտներ են եղել քաղաքական գործիչների կողմից. «Նրանք ոչ միշտ են ԶԼՄ-ներին ժամանակին տեղեկացնում իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն խուսափում են քաղաքական բանավեճերին, այլ բանավիճային հաղորդումներին մասնակցելուց: Դա, անշուշտ, որոշակի խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների իրազեկ և գիտակից ընտրության համար»,- նշում է Նավասարդյանը:

Մոնիտորինգի արդյունքներով՝ ապրիլի 8-17-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսևորել «Արմնյուզը», «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան»: Ներքաղաքական իրավիճակը համեմատաբար քիչ են լուսաբանել Հ1-ը, «Արմենիան» և «Շանթը»:

Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել Հ2-ի եթերում: Իսկ կուսակցություններին հատկացված եթերաժամանակի առումով ամենաշատ տարբերությունն արձանագրվել է «Կենտրոնում», ուր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է առավելություն ունեցել և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքում, որտեղ ամենաշատը լուսաբանվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզարշավը:

Բոլոր մյուս ալիքներում առավելություն է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը հետազոտված բոլոր ԶԼՄ-ների ցուցանիշների հանրագումարով առաջատար է ինչպես անդրադարձների հաճախականությամբ, այնպես էլ՝ եթերաժամանակի ծավալով:

Այսպիսով՝ ապրիլի 8-17-ն ավելի շատ լուսաբանվել է «ՀՀԿ»–ի, «ԲՀԿ»-ի և «ՀՅԴ»-ի գործունեությունը, վերջին եռյակում են՝ Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական և «Միավորված հայեր» կուսակցությունները:

Բորիս Նավասարդյանը հրատապ է համարում կուսակցությունների առաջնորդների՝ ընտրարշավի հետ կապ չունեցող գործունեության լուսաբանման խնդիրը: «Գլխավորապես այն վերաբերում է ՀՀԿ-ին, որի ցուցակի առաջին և երրորդ համարներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց ոչ կուսակցական գործունեության լուսաբանումը միջին հաշվով 20-30%-ով ավելացնում է ՀՀԿ եթերաժամանակը տարբեր ալիքներում»,- ասում է ԵՄԱ նախագահը:

Նա հավելում է՝ չնայած նախընտրական քարոզչության շրջանում ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, բարեխիղճ են աշխատում, սակայն դեռ անելիքներ կան քարոզարշավի լուսաբանումն առավել արհեստավարժ դարձնելու համար: