NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անցած 5 տարիներին խորհրդարանը կախված է եղել Կառավարությունից

Չորրորդ գումարման ՀՀ ազգային ժողովը 2007-2012թթ. ընթացքում
ընդունել է 1400-ից ավելի օրինագիծ, որի 86 տոկոսը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
Խորհրդարանի պատգամավորները հեղինակել են միայն 200 օրինագիծ՝ ընդունված օրինագծերի
14 տոկոսը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հեղինակել է
137 օրինագիծ և օրենսդրական փաթեթ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝
66, «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ)՝ 65: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ)
հանդես է եկել 72 օրինագծով և օրենսդրական փաթեթներով, իսկ «Ժառանգությունը»՝ 62:
Այս տեղեկատվությունը տրամադրել է «Մանդատ» ՀԿ-ն՝ իր կատարած
հնգամյա մոնիտորինգի արդյունքում։
Մոնիտորինգի տվյալներով՝ ԱԺ ամենամեծ
խմբակցության՝ ՀՀԿ 63 պատգամավորների «կողմ» քվեարկությունների ընդհանուր հանրագումարը
23.289 է: Այսինքն՝ հանրապետական յուրաքանչյուր պատգամավոր միջինում «կողմ» է քվեարկել
353 անգամ, իսկ «դեմ» քվեարկությունների միջին ցուցանիշը մեկ պատգամավորի հաշվով
1,5 է:
«Կողմ» քվեարկություններով ռեկորդակիր
է «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ յուրաքանչյուր ՕԵԿ-ական պատգամավոր միջինում 389
անգամ «կողմ» է քվեարկել:
Կոալիցիոն խմբակցությունները դեմ
են քվեարկել հիմնականում ընդդիմության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին
կամ տապալել են դրանց ընդունումը՝ չմասնակցելով քվեարկություններին: Իսկ Կառավարության
հեղինակած նախաձեռնությունները կոալիցիոն մեծամասնության աջակցությամբ ընդունվել են:
Ընդդիմադիր խմբակցություններն ակտիվ
են եղել «դեմ» քվեարկությունների ժամանակ: ՀՅԴ պատգամավորներից յուրաքանչյուրը միջինում
31 անգամ է «դեմ» քվեարկել, իսկ «Ժառանգության» պատգամավորները՝ 36 անգամ: Դիտարկումը ցույց է տվել, որ ընդդիմադիր ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ունենալով ընդամենը 23 պատգամավոր,
չեն կարողացել էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:
«Վիճակագրությունն ու դրա վերլուծությունն ապացուցում են, որ գործող խորհրդարանն
իր օրենսդրական գործառույթն իրականացրել է ոչ լիարժեք և փաստացի կախվածության մեջ է
եղել գործադիր իշխանությունից»,- գրված է մոնիտորինգի վերլուծության մեջ:
