Վկային մի քանի անգամ են հարցաքննել, բայց քրեական գործում առկա է հարցաքննության մի արձանագրություն

Մայիսի
2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց  պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի
մահվան գործով դատավարությ
ունը:

Դատարանում ցուցմունքտվեց նախկին զինծառայող Հայկ Նազարյանը՝հարցերի մեծ մասին պատասխանելով՝  «չեմ հիշում»։ Հայկն իր հիշողության կորուստը բացատրեց նրանով , որ դեպքից
2 տարի է անցել, ինքն անձնական խնդիրներ ունի, և դա  վատ է ազդել 
հիշողության վրա: «Այդ պահվածքով մտավոր հետամնացի տպավորություն ես թողնում,
մինչդեռ իրականում առողջ մարդ ես»,–նշեց Հրանտ Գևորգյանը՝ ամբաստանյալ կապիտան Հակոբ
Մանուկյանի պաշտպանը:

Հայկ Նազարյանը նշեց, որ մահացած Արտակ Նազարյանին դեպքի վայրում
երկու անգամ է տեսել: Նա մի դեպքում հիշում էր, որ  Արտակ Նազարյանին 30-40մ հեռավորությունից է տեսել,
մյուս դեպքում չէր հիշում՝ ինչքան է մոտեցել, շարունակ կրկնելով, որ  Նազարյանի մարմինն իրեն  «տեսանելի էր»: Նա այդպես էլ չկարողացավ բացատրել,
թե ի՞նչ նպատակով, ո՞ւմ հրամանով  է ռազմական
ոստիկանության հետ բարձրացել ժայռի մոտ՝ մահացած Արտակ Նազարյանի գտնվելու վայր:   

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը
հայտարարեց, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ վկան դատարանում սուտ է խոսում
և որ միջնորդելու են կեղծ ցուցմունքի համար
նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: «Դու այստեղ աֆերիստ մի խաղա»,–խորհուրդ տվեց
իրավապաշտպանը։

Հարցերին պատասխանելով՝ Հայկ Նազարյանն ասաց, որ իրենց զորամասում
զինծառայողների և Արտակ Նազարյանի միջև նորմալ հարաբերություններ են եղել, որ Արտակ
Նազարյանը հոգեպես ընկճված չի եղել:

Վկան դեպքից հետո 10 օր պահվել է  Բերդի Ռազմական ոստիկանությունում: Սա Քրեական դատավարության
օրենսգրքի 106 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների խախտում
է: Հայկ Նազարյանի պնդմամբ՝ նրան մի քանի անգամ հարցաքննել են ռազմական ոստիկանությունում։
Սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա
մայիսի 15-ին: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքը որոշում է կայացնելու
գործով վկա Արթուր Մկրտչյանին  դատարան բերման
ենթարկելու մասին։ Իսկ վկա  Արման Մնացականյանին
նիստին մասնակցելու ծանուցագիր կուղարկվի: Արման Մնացականյանը դատարանում նախկինում
հարցաքննվել է, սակայն նրա  հարցաքննությունը
կիսատ է մնացել:

Ոսկան Սարգսյան


Իջևան