NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կապանի ծայրամասային ընտրատեղամասում անասելի կուտակումներ են

Կապանի Հալիձոր թաղամասի մանկապարտեզում տեղակայված թիվ 38/18 ընտրատեղամասի մուտքում առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ընտրողների մեծ զանգված էր հավաքվել: Ընտրության եկած մասնակիցները խցկվելով, իրար հրմշտելով փորձում էին հնարավորինս շուտ մտնել քվեարկության:
Թաղամասի տատիկներից մեկը մեր զույցում նշեց, որ ժամը 10-ից են քվեարկությունը սկսել, դրա համար էլ այդքան երկար են սպասում: Նա վերջին մեկ ժամից ավելի սպասում էր իր հերթին եւ փորձում ամեն կերպ ճեղքել հերթը, մտնել քվեարկության:
Տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորա Բաղդասարյանը հերքեց այն տեղեկությունը, որ ժամը 10-ից է սկսվել քվեարկությունը: «Ժամը 8-ից ենք աշխատում, ինչպե՞ս է հնարավոր ժամը 10-ից, եթե այս ժամին 300-ից ավելի ընտրող արդեն մասնակցել է քվեարկությանը», – նշում է տիկին Բադասարյանը:
Կասկածելի տպավորություն թողնող այդքան հերթերն ու ժամերով իրենց հերթին սպասող մարդկանց բազմության մասին, հենց իրենք` ներկաները խուսափում էին որեւէ բան ասել, միայն ոգեւորված կռիվ անելով փորձում էին շուտ կատարել իրենց ընտրությունն ու հեռանալ այդտեղից:
Այս ընտրատեղամասում այնքան էր մեծ լարվածությունը, որ նույնիսկ ոստիկանները ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնել ու փակել էին մարդկանց մուտքը ընտրատեղամաս, միայն հերթով մեկական եւ երկուական ընտրողների էին ներս թողնում ու ճանապարհում: Իսկ Կապանի մեկ այլ` թիվ 38/17 ընտրատեղամասում զինվորականների հոսքի պատճառով էր կուտակումներ եղել, ովքեր ընտրելուց հետո շարքով հեռանում էին՝ տեղը զիջելով մյուսներին:
Հավաքված զինվորներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ովքեր են առաջադրված համամասնական ցուցակում, ոմանք դժվարությամբ հիշեցին ու թվարկեցին կուսակցությունների անունները:
Մերի Սողոմոնյան
aravot.am
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ aravot.am-ի։
