NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դաշնակցական գյուղապետը բոյկոտել է ընտրությունը
Լոռու մարզի Վահագնի գյուղի թիվ 31/18 ընտրատեղամասում գյուղապետ Պետրոս Քոչինյանը, ով Դաշնակցություն կուսակցության վստահված անձն է, ժամը 11.30-ի սահմաններում մտնելով ընտրատեղամաս` խոչընդոտել է ընտրության բնականոն ընթացքը: Հանձնաժողովի նախագահ, Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Մուշեղ Գալստյանի, հանձնաժողովի անդամների և դիտորդների փոխանցմամբ` գյուղապետն աղմկել է, վիրավորել ընտրատեղամասի աշխատակիցներին, ստիպողաբար գյուղացիներին քվեարկելության բերել:
Համայնքի 919 ընտրողից ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել էր 550 ընտրող, որից 32-ը` քվեարկել է ուղեկցի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամների փոխանցմամբ`ընտրողներին ուցեկցողները գյուղապետի «մարդիկ» են եղել, որոնք նրանց ուղղորդել են: Հանձնաժողովն այս մասին արձանագրություն է կազմել, նախագահը, ընտրատարածքային հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, կարճ ժամանակով ընդհատել է ընտրությունը:
Իրավիճակը խաղաղվելուց հետո քվեարկությունը ընտրատեղամասում վերսկվել է: Գյուղապետի համոզմամբ` Դաշնակցությունը գյուղում «մինիմում» 150 ձայն է ապահովելու: «Ժողովրդի հետ զրուցելով`իմացել եմ,-ասում է գյուղապետը,-Համ էլ ինձ էլ են շատ սիրում»: Հարցին`Դաշնակցությունը որևէ բարեգործություն չի արել դաշնակցական գյուղապետ ունեցող գյուղի համար, պատասխանում է. «Գյուղը գազիֆիկացրել է, հերիք չի»: Նրա փոխանցմամբ`Վահագնին 2006-ին գազիֆիկացվել է գյուղնախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի նախաձեռնությամբ:
Ադրինե Թորոսյան
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Հետք» օնլայնի։
