Քարոզարշավի լուսաբանման խնդիրները. ԵՄԱ-ն ամփոփել է մոնիթորինգի արդյունքները

Երևանի մամուլի ակումբը հրապարակել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի վերջնական արդյունքները:

Ամփոփելով նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ կազմակերպությունը արձանագրել է, որ հեռարձակող լրատվամիջոցները գործել են հավասարակշռված և հնարավորություն են տվել քաղաքական ուժերին իրենց ծրագրերն ու դիրքորոշումը ընտրազանգվածին ներկայացնելու համար: Սա չեն ժխտում նաև կուսակցությունները:

«Հակառակ հեռուստաընկերությունների դրական միտմանը, նույնը չի կարելի ասել քաղաքական գործիչների պատրաստակամության մասին, որպես օրինակ՝ նշեմ բանավեճերից խուսափելը»,- մշտադիտարկման արդյունքները ներկայացնելիս ասել է ԵՄԱ նախագահը Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք,  որ մոնիթորինգն իրականացվել է մարտ ամսից: Դիտարկվել են Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և Հայաստանի հանրային ռադիոն: Մոնիթորինգի են ենթարկվել այն նյութերը, որոնք անդրադարձել են խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերին և թեկնածուներին:

Նախընտրական քարոզչության շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն է դրսևորել «Արմնյուզը», լուսաբանման ծավալով երկրորդ և երրորդ տեղերում են «Կենտրոնը» և «Երկիր մեդիան»: Ընտրարշավն ամենաքիչը լուսաբանել են «Հ1»-ը, «Արմենիան» և «Շանթը»:

Հետազոտված բոլոր հեռարձակողների հանրագումարված ցուցանիշներով ՀՀԿ-ն առաջատար է դարձել անդրադարձների հաճախականությամբ և ծավալով: «Կենտրոնում» այս ցուցանիշով առաջատարն է ԲՀԿ-ն, «Երկիր Մեդիայում»` ՀՅԴ-ն, իսկ «Արմենիայում»` ՀԱԿ-ը:

ԵՄԱ կողմից արձանագրված խնդիրները հիմնականում առնչվում են օրենսդրության անկատարությանը: Նախընտրական քարոզչությանը նախորդած ժամանակաշրջանում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների բարեգործական, սոցիալական ուղղվածության ակցիաները և հանդիպումները լուսաբանող նյութերում մշտադիտարկողները նկատել են թաքնված քաղաքական գովազդի անուղղակի հատկանիշներ: Սակայն օրենսդրությամբ կարգավորվում է միայն բուն նախընտրական քարոզարշավը: ԵՄԱ նախագահը կարծում է, որ սա օրենսդրական բացթողում է, քանի որ քաղաքական ուժերը նախընտրական փուլ են մտնում կանխավ ստեղծված անհավասար դիրքերից:

Մյուս խնդիրը, ըստ Բորիս Նավասարդյանի, այն էր, որ նախընտրական քարոզչության շրջանում հառուստաընկերությունները խառն էին ներկայացնում ընտրարշավին անմիջականորեն առնչվող միջացառումները և այն իրադարձությունները, որտեղ պատգամավորության թեկնածուները հանդես էին գալիս ոչ թե որպես թեկնածու, այլ՝ որպես պետական պաշտոնյաներ: Օրինակ՝ ՀՀ նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումների լուսաբանումը «Շանթի» և Հանրային ռադիոյի եթերում կազմել է ՀԿԿ-ին հատկացված եթերաժամանակի մոտ 42 տոկոսը, որը Նավասարդյանը համարում է «չափից դուրս շատ»:

Նա նաև նշում է, որ Exit poll-երը մարդկանց կողմից վստահություն չեն ներշնչում և «հոգեբանական ճնշում» են գործադրում, քանի որ «Հայաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո ամեն ինչ չէ, որ ավարտված է»:

«Exit Poll–ի մեխանիզմը մեզանում չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի: Մարդիկ չպետք է վախենան հարցերին պատասխանել: Այդ տվյալները չի կարելի բացարձակ համարել: Ես շնորհակալություն եմ հայտնում այն հեռուստաընկերություններին, որոնք Exit Poll–ի արդյունքները ցույց չեն տվել»,- ասում է ԵՄԱ նախագահը:

«Մշտադիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ, չնայած նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում հեռարձակվողների ընդհանուր առմամբ բարեխիղճ աշխատանքին, դեռևս բավականին հնարավորություններ կան քարոզարշավի առավել արհեստավարժ լուսաբանման համար: Կատարելագործման կարիք ունի նաև ընտրությունների լուսաբանումը կարգավորող ՀՀ օրենսդրությունը: Ցածր մակարդակի վրա է մնում բովանդակալից ընտրարշավ վարելու համար ԶԼՄ-ների ընձեռած հնարավորություններն օգտագործելու քաղաքական ուժերի պատրաստակամությունը»,- ընտրարշավի լուսաբանումն այսպես է ամփոփում ԵՄԱ զեկույցը: