Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի դեմ բողոքը մերժվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) մայիսի 17-ին մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի:

Ենոքյանը վիճարկում է նախագահի 2003թ օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով նա մահապատժի դատապարտված 42 անձանց ներում է շնորհել և նրանց պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել Գերագույն խորհրդի դատական կոլեգիայի որոշմամբ 1996թ նոյեմբերի 29-ին և ազատազրկման մեջ է մոտ 16 տարի: Նա մեղադրվում է համակուրսեցուն սպանելու մեջ, սակայն պնդում է, որ, ընդհակառակը, փորձել է կանխել նրա սպանությունը:

«Նախագահը ներում շնորհելու իրավունքն ուներ, սակայն նա իրավունք չուներ պատիժը փոխարինել և սահմանել նոր պատիժ, քանի որ դա բացառապես դատարանի իրավասությանն է վերապահված, ինչն ամրագրված է և´ ՀՀ Սահմանադրությամբ, և՛ եվրոպական կոնվենցիաներով: Փաստորեն, Մհեր Ենոքյանը և ցմահ ազատազրկման մեջ գտնվող մյուս անձինք իրենց պատիժը կրում են ոչ թե դատարանի վճռով, այլ՝ նախագահի հրամանագրի հիման վրա»,- ասում է Մհեր Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Նրա խոսքերով՝ 2003 թվականին գործողության մեջ դրված նոր Քրեական օրենսգիրքն ամրագրում էր, որ մահապատժի դատապարտված անձանց պատիժը պետք է ազատազրկման վայրի դատարանի կողմից փոխարինվի և նշանակվի ցմահ ազատազրկում: Այսինքն՝ օրենքը սահմանում է, որ պատժի փոխարինման որոշումը պետք է կայացվի դատարանի կողմից:

Բացի այդ, նախկին Քրեական օրենսգիրքը սահմանում էր, որ եթե ներման ակտ է շնորհվում մահապատժի դատապարտված անձանց, ապա նրանց պատիժը կարող է նշանակվել 15 տարուց ավել, բայց ոչ ավել, քան 20 տարի:

Սակայն, Ռևազյանի խոսքերով, առ այսօր որևէ դատարան ցմահ դատապարտվածների գործերը վերանայելիս պատժաչափը չի փոխել: Փաստաբանի կարծիքով՝ դատավարությունները ֆորմալ բնույթ են կրել և եղել են մակերեսային:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ դատախազ Ալեքսանդր Մուրադյանը մինչ վճռի հրապարակումը լրագրողներին ասաց, որ իր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը օրինական է և հայցը պետք է մերժվի:

«Երևի այս երկրում պաշտոնյաները սխալներ չեն գործում»,- դատախազի խոսքերին այսպես արձագանքեց Մհեր Ենոքյանի մայրը՝ Վարդուհի Օհանյանը: Նա հայտարարեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը և գնալու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հավելենք նաև, որ Մհեր Ենոքյանի գործում երևան են եկել նոր հանգամանքեր, որոնք կարող են հիմք դառնալ գործի վերաբացման համար: 2012թ. ապրիլի 13-ին Ենոքյանի փաստաբանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Վճռաբեկ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերաբացելու պահանջով: Փաստաբանը չի մանրամասնում, թե ինչ հանգամանքներ են դրանք, միայն նշում է, որ կապված են քննչական կեղծիքների հետ:

Մհեր Ենոքյանը 15 տարի է պայքարում է իր գործը վերաբացելու համար: 2004 և 2009 թվականներին նա քրեակատարողական հիմնարկից դիմել է փախուստի՝ այս կերպ փորձելով իր վրա բևեռել իրավասու մարմինների ուշադրությունը:

2012թ.մայիսի 14-ին մոտ 200 մտավորականներ, արվեստագետներ և հասարակական գործիչներ հայտարարություն են տարածել, որով պատկան մարմիններին կոչ են անում նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերաբացել Մհեր Ենոքյանի գործը և իրականացնել արդար դատաքննություն: