Դատարանն այսօր կուսումնասիրի վկայի հարցազրույցի տեսագրությունը

Հունիսի 5-ին Արտակ Նազարյանի
մահվան գործով դատական հերթական նիստին շարունակվեց 
գործով առանցքային վկա Արթուր
Մկրտչյանի հարցաքննությունը:

Վկայի խոսքերով՝  Արտակ Նազարյանը հանգիստ անձնավորություն էր, երբեմն
սիրում էր  առանձնանալ: Արթուրի հիշելով՝ Արտակի
և ամբաստանյալ 3 զինվորների միջև կատակով, երբեմն էլ` լուրջ, միջադեպեր են եղել, ինչը
սակայն,Արթուրի կարծիքով, չէր կարող Արտակ Նազարյանին ինքնասպանության դրդել:

Ամբաստանալ Հարութիկ Կիրակոսյանի,
Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար  Մխիթարյանի
պաշտպան Ալվարդ Մնացականյանը հարցրեց Արթուրին՝ ինչ է նշանակում նրա ցուցմունքի մեջ
գրված «նսեմացնել» բառը: Վկան վարանելով ասաց, որ դա միայնություն է նշանակում: Վկան
նմանապես չէր կարողանում բացատրել «հուսահատվել», «զուգորդել», «հորդորել» բառերի իմաստները.
այս բառերն առկա են ութամյա  կրթությամբ վկայի
նախաքննական ցուցմունքներում: Արթուր Մկրտչյանը 
բացատրեց, որ թեև ցուցմունքը գրված է իր ձեռքով, սակայն որոշ բառեր քննիչի ասելով
է գրել:

Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի
պաշտպան Հրանտ Գևորգյանն էլ իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա,
որ գործով բոլոր 4 վկաները Բերդի ռազմական ոստիկանությունում ցուցմունքներ են տվել
տևական ժամանակ գտնվելով անազատության մեջ, նրանք դատարանում չեն հիշում իրենց նախաքննական
ցուցմունքները, բոլոր 4 վկաներն անհիմն կերպով գտնվել են նրանց նկատմամբ կիրառված  «պաշտպանական միջոցի» ճնշման տակ, որ ներկայումս
էլ վկաները  Ռազմական ոստիկանության և ոստիկանության
ճնշման տակ են:

Վկան պատասխանելով ամբաստանյալների
պաշտպանների և տուժողի իրավահաջորդի հարցերին` նշեց, որ ինքը երկու անգամ սուտ է խոսել։
Առաջինը՝ երբ գրություն է գրել, թե ամբաստանյալ 
3 զինվորների դեմ ինքը մեղադրական բնույթի
ցուցմունքները է տվել Ռազմական ոստիկանությունում քննիչների ճնշման և ծեծի հետևանքով: Արթուրի խոսքերով՝ երկրորդ սուտն էլ  2011թ.
դեկտեմբերի 14-ին իր հարցազրույցն է «Ազատություն»
ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին: Այս հարցազրույցում ևս վկան ասել է իր նկատմամբ ռազմական
ոստիկանության և գործով քննիչի գործադրած սպառնալիքների և ծեծի մասին: Այս հարցազրույցը
տեսագրել է նաև Հելսինկյան ասոցիացիայի լրագրող Արման Վեզիրյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը
դատարանին միջնորդեց Արման Վեզիրյանի նկարահանած այս հարզացրույցը, որպես ապացույց,
կցել քրեական գործին և հետազոտել, որպեսզի պարզ դառնա, որ վկան ազատ և անկաշկանդ ձևով
է տվել այդ հարցազրույցը:

Այս միջնորդությանը կողմ  արտահայտվեցին ամբաստանյալները և նրանց պաշտպանները,
իսկ մեղադրողներ Հայկ  Հարոյանը և Հարություն
Հարությունյանը դեմ էին:

Դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց
բավարարել միջնորդությունը և ուսումնասիրել 23 րոպեանոց տեսագրությունը դատական հաջորդ
նիստին՝ հունիսի 6-ին։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի բակում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ակցիա
էին իրականացնում՝ պահանջելով  արդար դատաքննություն
և դատական արտագնա նիստեր Երևանում։

Ոսկան Սարգսյան


Իջևան