NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պահանջում են փորձաքննության ենթարկել համակարգիչը

«Մոսկվա»
կինոթատրոնից գողություն կատարելու գործով դատարանում երկրորդ անգամ կհարցաքննվեն
տուժողի ներակայացուցիչ, կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը և կինոթատրոնի
գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանը: Դատարանը ցանկանում է պարզել՝ որտեղ է այն
համակարգիչը, ուր մուտքագրված է վաճառված տոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը և
կինոթատրոնի շահույթի հետ կապված այլ հարցեր: Դրանից է կախված՝ դատարանը կնշանակի՞
դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, թե՝ ոչ:
Համակարգիչը փորձաքննության ենթարկելու միջնորդությունը այսօր՝
հուլիսի 3-ին, դատարանին է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնից գողություն
կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի փաստաբանը՝ Տիգրան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը
մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական
ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու
հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք
բերվել խոշտանգման
հետևանքով: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա
չէ:
Սաֆարյանը դատարանում նշեց, որ
գողացված գումարի չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել:
«Տուժողի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն կարող օգտագործվել որպես ապացույց՝ արժանահավատ,
ճշգրիտ չլինելու, կեղծիքներով կազմված լինելու պատճառով: Բացի այդ, կինոթատրոնի ներկայացուցիչները
նախաքննության և դատական քննությունների ընթացքում տվել են իրար հակասող ցուցմունքներ»,-
հայտարարեց փաստաբանը՝ պահանջելով նշանակել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն:
Նա հիշեցրեց, որ հարցաքննված
վկաները նախ չեն իմացել գողացված գումարի չափը, հետո նշել են որոշակի գումար, որն ապացուցելու
համար ներկայացրել են անճշտություններով լի համակարգչային մի քանի փաստաթղթեր: Օրինակ՝
նշվում է, որ վաճառվել է 3 հատ 1000 դրամանոց տոմս, բայց ընդհանուր գումարը 3000 դրամի
փոխարեն 30.000 է նշված և այլն:
Փաստաբանը նաև հիշեցրեց, որ նախաքննության
ընթացքում կինոթատրոնի ներկայացուցիչները նշում էին, որ գողացվել է 3 օրում վաճառված
տոմսերի գումարը, իսկ հետագայում 3 օրը դարձել է 7 օր:
Այս գործով հաջորդ
դատական նիստը նշանակված է հուլիսի 12-ին` ժամը 14:00-ին:
