NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փորձաքննությունը պետք է պարզի՝ ծեծի հետևանքո՞վ է մահացել բժիշկը, թե՝ ոչ
Եթե դիակի դատաբժշկական փորձաքննությունը պարզի, որ Վահե Ավետյանի մահվան անմիջական պատճառը եղել են ստացած մարմնական վնասվածքները, ապա մեղադրյալներին առաջադրված հոդվածները կվերաորակվեն ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Հուլիսի 10-ին այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը: Նա ներկայացրեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից, որի արդյունքում, ուշքի չգալով, հունիսի 29-ին մահացել էր: Նրա հետ են եղել իր 4 ընկերները, որոնցից երկուսը՝ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացել են միջին կարգի մարմնական վնասվածքներ, իսկ մյուս երկուսը վնասվածքներ չունեն: Նշված հինգ անձինք գործով ճանաչվել են տուժող:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ մի խումբ անձանց կողմից), որը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում: Մեղադրանք է առաջադրվել 6 անձանց՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին և Նորայր Հայրապետյանին, վարորդ-առաքիչ Արթուր Բաբլոյանին, մատուցող Դավիթ Ադամյանին: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քննությամբ պարզվել է, որ «Հարսնաքարի» մենեջեր Դավիթ Հայրյանը, ով ձերբակալվել էր, մասնակցություն չի ունեցել ծեծին, նրան մեղադրանք չի առաջադրվել և նա ազատ է արձակվել:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը գործով անցնում է որպես վկա, հարցաքննվել է հուլիսի 6-ին և, ըստ քննիչի՝ նրան մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա:
«Քրեական գործով չկա գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը կամ առնչությունը կատարված հանցագործությանը: Ո՛չ տուժողները, ո՛չ մեղադրյալները, ո՛չ վկաներն իրենց ցուցմունքներում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության վերաբերյալ որևէ տվյալ չեն հայտնել, և նման պայմաններում նրան ձերբակալելու կամ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ որևէ խոսք լինել չի կարող»,- պարզաբանեց Արսեն Այվազյանը:
Ըստ քրեական գործի տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը այդ օրը եղել է Սևանում, այնտեղից վերադարձել է Երևան, երեկոյան 19-ի սահմաններում այցելել «Հարսնաքար» ռեստորանային համալիր:
«Ռեստորանում մոտ 30 րոպե մնալուց հետո մեկնել է հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիա, և դեպքի պահին նա այնտեղ չի գտնվել»,- ասաց քննիչ Այվազյանը:
Ըստ քրեական գործի նյութերի՝ վիճաբանությունը և ծեծկռտուքը տեղի են ունեցել ժամը 23:00-ի սահմաններում՝ «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում: Պատճառը եղել է այն, որ ընկերների հետ ռեստորան եկած Վահե Ավետյանը եղել է մարզահագուստով, իսկ մատուցող Դավիթ Ադամյանը դիտողություն է արել, որ իրենց մոտ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վահե Ավետյանը գնացել է տուն, հագուստը փոխել և վերադարձել ռեստորան:
«Երբ նույն մատուցողը՝ Դավիթ Ադամյանը, մոտեցել է նրանց, Վահե Ավետյանը, ով եղել է գլխարկով , դիմելով նրան, հարցրել է՝ կարո՞ղ է գլխարկով է արգելվում մուտքը ռեստորանային համալիր: Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել երկուսի միջև, որը շարունակվել է բակում: Դավիթ Ադամյանը բռնուցքով հարվածել է Վահե Ավետյանի դեմքին: Նրան են միացել ռեստորանի մի խումբ աշխատակիցներ և ծեծի ենթարկել Վահե Ավետյանին և նրա ընկերներին»,- տեղի ունեցած միջադեպն այսպես ներկայացրեց քննիչ Այվազյանը:
Նրա խոսքերով՝ ռեստորանի հարցաքննված աշխատակիցներն ասել են, որ վիճաբանությունը հրահրողը Վահե Ավետյանն ու նրա ընկերներն են եղել:
Նախաքննությունը նաև պարզել է, որ կոնկրետ դեպքի վայրում (ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում) տեսախցիկներ տեղադրված չեն, բացի այդ, հենց այդ օրերին համալիրի տեսաձայնագրման համակարգը փչացած է եղել, և գործի նյութերում միջադեպի վերաբերյալ որևէ տեսագրություն կամ ձայնագրություն չկա:
Արսեն Այվազյանը նշեց նաև, որ դատարանը բավարարել է մեղադրյալների հեռախոսային վերծանումները ստանալու իրենց միջնորդությունը, որոնք ձեռքի տակ ունենալուց հետո կպարզեն՝ արդյո՞ք անվտանգության աշխատակիցները զանգահարել են Ռուբեն Հայրապետյանին կամ նրանից ցուցումներ ստացե՞լ են:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը լրագրողներին հավաստիացրեց, որ նախաքննական մարմնի վրա որևէ չնշում չի եղել և չի կարող լինել:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել և կատարելու է բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները՝ պարզելու քրեական գործի բոլոր հանգամանքները, ապահովելու գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը»,- իր խոսքը եզրափակելով նշեց ՀԿԳ քննիչը:
