NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ցուցմունք է տվել Արտակ Նազարյանի մահվան գործով գլխավոր ամբաստանյալը

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 10-ի նիստում շարունակվեց գործով գլխավոր ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը:
Պատասխանելով հարցերին, նա ասաց, որ ինքը զորամասում օրինակելի սպա է եղել, մարտական հենակետում ոչ կանոնադրական հարաբերություններ չեն եղել: Անդրադառնալով իր և դասակի հրամանատար Արտակ Նազարյանի միջև եղած ընդհարմանը՝ Մանուկյանը նշեց, որ իր կողմից ծեծ չի եղել, այլ՝ երկուստեք հարվածներ են հասցրել:
Մանուկյանի կարծիքով՝ իր դեմ ցուցմունքներ տված զինվորներից յուրաքանչյուրը սուտ խոսելու իր պատճառներն է ունեցել: Կապիտանի ցուցմունքների ամենահետաքրքիր մասը վերաբերում էր ինքնաձիգի ասեղը հանելու անհրաժեշտության մասին նրա արած հայտարարությանը և Արտակ Նազարյանի ծոցատետրին:
Մանուկյանը դատարանում ասաց, որ մինչև Արտակ Նազարյանի մահը ինքնաձիգի ասեղը հանելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը չի վերաբերում Արտակ Նազարյանի ինքնաձիգին,այլ՝ առնչվում է ինքնաձիգների ասեղների շուրջը մաքրելու մասին զինվորներին ուղղված իր պահանջին: Ասեղը հանելու դեպքում ինքնաձիգը չի կարող կրակել: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի հարցերին, Մանուկյանն ասաց, որ ինքնաձիգի ասեղն առանձին հնարավոր է հանել միայն գործարանային պայմաններում:
Մանուկյանը հայտնեց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը զանգահարել է իրեն և ասել, որ Արտակ Նազարյանի գրպանում հնարավոր է, որ թուղթ լինի: Մանուկյանն ասաց, որ ինքը ժայռի մոտ Արտակի գրպանից հանել է նրա ծոցատետրը, որի մեջ դրանից պոկված երկու թուղթ է եղել: Նրա խոսքերով՝ թղթերից մեկի վրա Արտակ Նազարյանը գրել էր , որ գոհ է իր ծնողների դաստիարակությունից, մյուսի վրա՝ ինքնասպան լինելու իր մտադրության մասին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ամբաստանյալին հարցրեց, թե արդյոք իրեն տարօրինակ չթվաց, որ Արտակի մահից հետո Ուդումյանը զանգահարել է իրեն և առաջարկել Արտակի գրպանից ծոցատետրը հանել: «Տարօրինակ թվաց, բայց ես ուշադրություն չեմ դարձրել»,-պատասխանեց Հակոբ Մանուկյանը և հավելեց, որ այդ պահին ինքը խառնված է եղել: Հ. Մանուկյանը դատարանում հայտնեց, որ ինքը ծոցատետրը փոխանցել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Նաջարյանին: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն էլ հավելեց, որ ծոցատետրը 12 օր հետո է հայտնվել քրեական գործում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը Հ. Մանուկյանին հարցրեց, թե իր հետ հեռախոսային խոսակցության ժամանակ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը հայհոյանքներ հնչեցրե՞լ է Արտակ Նազարյանի հասցեին:
«Եթե Ուդումյանն ասել է, որ հայհոյանքներ չի տվել, ես ոնց կարող եմ ասել, որ տվել է»,-պատասխանեց Հ. Մանուկյանը: Նա ասաց, որ ինքն Արտակ Նազարյանի թևերին կապտուկներ էր նկատել մահվան դեպքից մի շաբաթ առաջ, որ Նազարյանի դիակը տեղափոխվելու ժամանակ նրա ոտքերի տակի մաշկը պոկվածէ եղել: Հակոբ Մանուկյանը ենթադրեց, որ դա առաջացել է պատգարակի տակի երկաթների հետ շփումից: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ասաց,որ նման վնասվածքներ չէին կարող պատգարակից առաջանալ, վնասվածք կար նաև Արտակ Նազարյանի ազդրի շրջանում:
Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում ապօրինաբար զրկվել է ազատությունից, քննչական գործողությունները քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով են արվել: Պաշտպանը նշեց, որ ինքը հետագայում հանդես կգա համապատասխան միջնորդություններով:
Կապիտան Մանուկյանի հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան փաստաբան Ալվարդ Մնացականյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար ինքը հեռանում է խորհրդակցական սենյակ: Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 11-ին՝ ժամը 11-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
