Դատավորը մերժեց երկու ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություններըը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել
Մարդանյանը  մերժեց ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանի
և Մխիթար Մխիթարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները. հուլիսի 11–ին
շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը։

Գործով ամբաստանյալ 3  զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանին
միջնորդություններ էր ներկայացրել փոխելու իր պաշտպանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանի և
Մխիթար Մխիթարյանի խափանման միջոցներ կալանքը: 
Պաշտպանն իր միջնորդությունները հիմնավորել էր նրանով, որ ամբաստանյալները շուրջ
երկու տարի ապօրինաբար գտնվում են  անազատության
մեջ, որ նրանց վերագրվում է մեղադրանքներ, որոնց վերաբերյալ  հակասական ցուցմունքներ են տվել գործով վկաներից
միայն 3-ը : Պաշտպանն նշեց, որ իր պաշտպանյալներին  մեղսագրվող արարքները պատճառահետևանքային կապի մեջ
չեն Արտակ Նազարյանի ինքնասպանության հետ:

Դատավոր Սամվել Մարդանյանը 
խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները  մերժելու իր որոշումները պատճառաբանեց  նրանով, որ դեռևս չեն փոխվել  ամբաստանյալներին  անազատության մեջ պահելու հիմքերը, որոնք սահմանված
 են ՀՀ քրեական օրենսգրքի  135 հոդվածով, որ ազատության մեջ գտնվելով ամբաստանյալները
կարող են վկաների վրա ճնշում գործադրել:

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս նկատի
է ունեցել այն, որ 2 ամբաստանյալներին  առաջադրված
մեղադրանքը դասվում է  առանձնապես  ծանր հանցագործությունների շարքին:

Քանի որ այլ դատավարության մասնակցելու պատճառով այս դատական
նիստին ներկա չէր գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Հակոբ Մանուկյանի  պաշտպան Հրանտ Գևորգյանը, նաև ամբաստանյալ լեյտենանտ
Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
փաստաբան Մուշեղ Շուշանյանը,  դատական նիստը
հետաձգվեց: 

Դատական հաջորդ  նիստը
կկայանա հուլիսի 17-ին՝ ժամը 14.30-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան