NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավորին ինքնաբացարկ հայտնեցին տուժողի իրավահաջորդը, պաշտպանները և 5 ամբաստանյալները

Դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր. հուլիսի 18–ին շարունակվեց Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը, որի ընթացքում հրապարակվեցին քրեական գործում առկա ապացույցները:
Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը և կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը միջնորդեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն իր իրավասության շրջանակում որոշեց բոլոր ապացույցների հրապարակումից հետո միայն անցնել դրանց հետազոտությանը:
Դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի ծոցատետրից պոկված, Արտակ Նազարյանին վերագրված գրության դատական փորձաքննության եզրակացությունը: Ծոցատետրից պոկված թերթում գրված է հետևյալը. «Այս քայլին ես դիմել եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ ծնողները»: Նշենք, որ նոթատետրը և գրությունը Արտակ Նազարյանի գրպանից հանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը, այն տվել գումարտակի շտաբի պետի պաշտոնակատար Միհրան Նաջարյանին, վերջինս փոխանցել է գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին, նա էլ օրեր անց նոր հանձնել է քննիչներին:
Արտակ Նազարյանի ինքնաձիգի,պարկուճի դատական փորձաքննության եզրակացությունը հրապարակելու ժամանակ մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց բացատրել, որ պարկուճի համարը մյուս կողմից կարդալիս համընկնում է քրեական գործում եղած պարկուճի համարի հետ: Դրանով նա փորձում էր ցույց տալ, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հիմնավորումները,թե քրեական գործում առկա պարկուճը դատական փորձաքննության փուլում փոխվել է, չեն համապատասխանում իրականությանը:
Դատախազի բացատրությունը առաջացրեց տուժողի իրավահաջորդ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի դժգոհությունը, քանի որ այդ փուլում դատավորը թույլատրել էր միայն ապացույցների հրապարակումը, և ոչ` հետազոտումը: Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին հարցրեց, թե ինչո՞ւ է նա դատախազին թույլ տալիս բացատրություններ ներկայացնել: Դատավորի և Ռուբեն Մարտիրոսյանի մեջ վեճ բորբոքվեց: Դատավորը, դատական սանկցիա կիրառելով, իրավապաշտպանին դահլիճից դուրս հրավիրեց:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը զայրացած հայտարարեց, որ դատարանն ամեն ինչ անում է, որ տուժող կողմը մեկուսացվի այս գործից: Ծովինար Նազարյանի խոսքերով` ինքն այնպիսի տպավորություն է ստանում, որ դատվում են Արտակ Նազարյանը և նրա ընտանիքը: Ծովինար Նազարյանը Սամվել Մարդանյանին մեղադրելով կողմնակալ վերաբերմունքի, մեղադրողի շահերը, նրա ներկայացրած կեղծ մեղադրանքը պաշտպանելու համար` դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Ծովինարը դատավորին մեղադրեց, որ վերջինս տնայնագործական եղանակով է դատը վարում և երկու անգամ նրան հորդորեց «շառ ու փորձանքից հեռու մնալ» և իր մասնագիտական պատիվը պաշտպանելու համար բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը:
Պաշտպաններ Հրանտ Գևորգյանը, Լևոն Պողոսյանը և ամբաստանյալ 5 զինծառայողները միացան ինքնաբացարկի միջնորդությանը, իսկ մեղադրող Հարություն Հարությունյանն այդ միջնորդությանը դեմ էր: Պաշտպան Գևորգյանը դատավորին հիշեցրեց, որ ինքը նախկինում 3 անգամ նրան ինքնաբացարկ է հայտնել, քանի որ դատարանը չի առաջնորդվում քրեական դատավարության նորմերով:
Դատավորը ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Այդ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 19-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
