NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՔԾ-ն երեք ամսում չի գտել լրագրողների աշխատանքը խոչընդոտողներին

Հունիսի 7-ից Հատուկ քննչական ծառայությունը միացրել և մեկ վարույթում
է քննում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը լրագրողների մասնագիտական
օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքերով հարուցված երեք քրեական գործերը:
Իսկ Էրեբունու քննչական ծառայությունը կարճել է «Ազատություն»
ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով հարուցված
քրգործը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների օրը լրագրողների մասնագիտական
օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի
2-րդ մասի 5-րդ կետ) հարուցվել էր 4 քրեական գործ, որից 3-ը գտնվում են ՀՔԾ վարույթում:
Երեք միջադեպերն
էլ տեղի են ունեցել Գյումրիում՝ տարբեր ընտրատեղամասերում: Երկուսի դեպքում խոչընդոտել են «Կենտրոն» հեռուստաընկերության, մի դեպքում՝ «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատորների աշխատանքը:
Հատուկ քննչական ծառայությունից www.hra.am –ին հայտնեցին, որ մինչև օրս երեք գործերով
կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան, նախաքննությունը շարունակվում է և «միջոցներ են ձեռնարկվում հանցանք կատարած անձանց
ինքնությունը պարզելու ուղղությամբ»:
Մյուս միջադեպը տեղի է ունեցել Երևանում: «Ազատություն» ռադիոկայանի
լրագրող Էլինա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ընտրատեղամասի
մոտ նկարահանումներ անելիս Վարդան անունով ներկայացած մի երիտասարդ հարվածել և գետնին
է գցել իր «Ֆլիպ» տեսակի տեսախցիկը:
Հուլիսի 13-ին ոստիկանությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
