NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրթությունից դուրս մնացած երեխաներ. ո՞վ է պատասխանատու

Հուլիսի 31-ին Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու
տարածքային զարգացման ծրագիրը Վանաձորում կազմակերպել էր երեխաների կրթության
իրավունքի թեմայով քննարկում:
Քննարկման ժամանակ ներկայացվեց Գեղարքունիքի և Լոռու
մարզերի 12 համայնքներում պարտադիր
կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները: Մոնիթորինգն իրականացրել են համայնքային
հասարակական կազմակերպությունները`2011թ.
մայիս-սեպտեմբեր ամիսներին,
«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում:
Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում
հայտնաբերվել է պարտադիր կրթությունից մասամբ կամ լրիվ դուրս
մնացած 5 երեխա: «Նրանց և նրանց ծնողների հետ անցկացված հարցազրույցները ցույց են
տվել, որ դպրոց չհաճախելու հիմնական պատճառներն են ընտանիքի սոցիալական անապահով
վիճակը, երեխաների ներգրավվածությունը գյուղատնտեսական և կենցաղային
աշխատանքներում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը»,- գրված է
մոնիթորինգի արդյունքների մեջ:
Դիտարկումները ցույց են տվել, որ դպրոցների շենքերը հարմարեցված չեն անվասայլակով տեղաշարժվելու
համար, շատ դպրոցներ չունեն մասնագետներ ներառական կրթություն կամ տնային
ուսուցում կազմակերպելու համար, մյուս կողմից` ծնողներն իրենք պատրաստ չեն
հաշմանդամություն ունեցող երեխային դպրոց տանել, քանի որ վախենում են խտրական
վերաբերմունքից:
Գրեթե նույն պատճառներով դպրոց չեն հաճախում նաև
Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում պարտադիր կրթությունից դուրս մնացած 5 երեխաները,
ովքեր հայտնաբերվել են մոնիթորինգի ժամանակ:
«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները
հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են: Նման ընտանիքներում երեխաների
դպրոց չհաճախելը ծնողները պատճառաբանում են հագուստ ու գրենական պիտույքներ ձեռք
բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալով»,- գրված է զեկույցում:
Ըստ մոնիթորինգի` պատճառներից մեկն էլ ծնողների կողմից իրենց երեխայի կրթությունը
չկարևորելն է:
Համայնքային ՀԿ-ների անդամները ներկայացրեցին իրենց կողմից հայտնաբերված դեպքերը, խնդիրների
լուծման ուղղությամբ առաջարկություններ արեցին, որից հետո քննարկման մասնակիցները հնչեցրին հարցեր և կարծիքներ:
Ախթալայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի կարծիքով`երեխայի դպրոց հաճախելու, դասերից չբացակայելու և կրթություն
ստանալու պատասխանատուն ծնողն է, և եթե
երեխան դուրս է մնացել կրթությունից, ապա դրա համար պատասխանատվություն պետք է կրի
առաջին հերթին ծնողը:
«Սակայն օրենսդրական
բաց կա. չկա ծնողների վրա ազդելու,ծնողին պատասխանատվության
ենթարկելու կարգ: Օրենսդրական մյուս
հակասություննէլայնէ, որմիօրենքումասումէ` մեկտարի չհաճախելու դեպքում երեխայինպետք է հեռացնելդպրոցից, իսկ մյուսօրենքումասումէ` մինչև տասնվեց տարեկան
երեխային չի կարելի հեռացնել դպրոցից»,- նշումէՃիճիլյանը:
Յաղդանի համայնքապետ Վալենտինա Կերխանաջևան
նշեց կրթությունից դուրս մնալու մեկ այլ պատճառ՝ մշտական
գրանցում չունենալը և բնակության վայրը հաճախակի փոխելը: Նա կարծում է, որ պետությունը
պետք է մտածի այսպիսի ընտանիքներին որևէ կարգավիճակ տալու մասին, որպեսզի նրանք
հաշվառում ունենան:
Բարձրացվեց այն խնդիրը, թե, ի վերջո, ո՞վ է
պատասխանատու կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և դպրոց
ուղղորդելու համար:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ
Արման Դանիելյանը նկատեց, որ նման քննարկումների ժամանակ պարզվում է, որ հիմնական
պատասխանատուները` մազպետարանների աշխատակիցները,
տեղյակ չեն հայտնաբերված դեպքերից:
«Ինձ համար ակնհայտ է, որ պետական
մեխանիզմը չի աշխատում, կրթությունից դուրս մնացած երեխաները չեն հայտնաբերվում: Եվ ինձ հետաքրքիր է`նշված դեպքերից քանիսի՞ մասին են տեղյակ պատասխանատուները»,- նշեց Դանիելյանը` հավելելով,
որ պատասխանատուներին պետք է ստիպել, որպեսզի կատարեն իրենց գործը:
«Մենք կրթություն տվող ենք,
մենք հետախույզներ չենք, որ գնանք, հայտնաբերենք կրթությունից դուրս մնացած երեխային: Դա պետք է անի մարզպետարանը»,- ասաց
Ախթալայի դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը:
Նրա խոսքերով` դպրոցի տնօրենները ամեն կերպ աջակցում են, որպեսզի երեխան դուրս
չմնա դպրոցից, սակայն չեն կարող օրենքը շրջանցել: «Երեխաներ կան, որ նույնիսկ
ծննդական չունեն: Մենք պատրաստ ենք նրանց ընդունել դպրոց, բայց տեսչական առաջին իսկ ստուգման ժամանակ մենք ենք խնդիրներ ունենալու»,-
հավելեց տնօրենը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հույս հայտնեց, որ կատարված
մոնիթորինգը «չի մնա դարակում»:
Քննարկման վերջումհամայնքային
կազմակերպությունների և դպրոցների տնօրենների միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել վերհանված խնդիրներն առաջարկությունների հետ միասին Կրթության և գիտության
նախարարություն հասցնելու համար:
«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն
իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է հզորացնել համայնքային
կազմակերպությունների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում:
