Վահե Ավետյանի գործով դատական գործընթացը սկսվեց

Սեպտեմբերի 13-ին Ավան և
Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի»
գործով դատական առաջին նիստը սկսվեց դատարանի առջև կազմակերպված բողոքի ցույցով,
դատարանի անվտանգության աշխատակիցների կամայականություններով, Վահե Ավետյանի ընտանիքի
շահերը ներկայացնող փաստաբանների բողոքով։

Փաստաբան
Վահե Գրիգորյանը ներգրավվեց գործին

Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանների թիմը ավելացավ ևս մեկով: Սեպտեմբերի 13-ին դատարանին ներկայացվեց տուժողի իրավահաջորդ  Գառնիկ Ավետյանի լիազորագիրը՝ փաստաբան Վահե Գրիգորյանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավելու մասին։

Դատավոր Դավիթ Հարությունյանը նկատեց, որ լիազորագիրը տալու ամիսը նշված է օգոստոս, իսկ կոնկրետ ամսաթիվը բացակայում է։ Այս պատճառաբանությամբ դատավորը հետաձգում էր միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը։

Դատավորը միջնորդությունը բավարարեց միայն այն բանից հետո, երբ Գառնիկ Ավետյանի մյուս փաստաբանները՝ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը հայտարարեցին, որ առանց Գրիգորյանի  չեն մասնակցի քննարկվող հարցերին:

Դատախազին
ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվեց

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ
հայտնեց դատախազ Արթուր Դավթյանին՝ նշելով, որ դատախազը կանխակալ
վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ։

«Մինչև Նորայր
Հայրապետյանի՝ ոստիկանություն ներկայանալու պահը, նրա վերաբերյալ քրեական գործում
ընդհանրապես որևէ ակնարկ չի եղել, օպերատիվ տեղեկություններում նրա վերաբերյալ
որևէ հիշատակում չի եղել: Սակայն նախաքննության մարմնին դա չի խանգարել, որ առանց
որևէ օրինական հիմքի նրան ձերբակալեն: Դատախազը որևէ քայլ չի ձեռնարկել այդ ապօրինությունը
կանխելու համար»,- համոզված է փաստաբանը:

Դատարանը հեռացավ
խորհրդակցության սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, և
վերադառնալով՝ մերժեց այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նիստերի դահլիճում էլ, բակում էլ բողոքում էին

Մինչ դատարանը խորհրդակցական
սենյակում էր, դատարանի առջև շարունակվում էր նախաձռնող խմբերի բողոքի ակցիան։
Ակտիվիստները պահանջում էին, որ պատժվի նաև «Հարսնաքար» ռեստորանի տերը՝ ԱԺ
պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

Մոտ երկու ժամ անց
հայտարարվեց նիստի վերսկսման մասին, և դատական կարգադրիչները սկսեցին հերթով
ստուգել և ներս թողել նիստի մասնակիցներին։ Սակայն Ավետյանի փաստաբանները նկատեցին
մի խումբ քաղաքացիական հագուստով երիտասարդների, ովքեր արտոնյալ կարգավիճակով՝
առանց զննության ներս մտան։

Փաստաբանները պահանջեցին
կա՛մ հետ կանչել և զննել նրանց, կա՛մ բոլորին ներս թողել առանց զննելու։ Երեք
անգամ փաստաբանները փորձեցին մտնել դատարան, սակայն նրանց առանց զննության ներս
չթողեցին։ Իսկ փաստաբանները, ի նշան բողոքի, հրաժարվեցին զննության ենթարկվել։

Մոտ կես ժամ անց դատավորի
հրահանգով փաստաբաններին ներս թողեցին։ Դատարանում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ
«անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումները պետք է կիրառվեն բոլորի նկատմամբ»։

Նիստը վերսկսվելուց հետո
հետաձգվեց։ Դատավորը ժամանակ տվեց, որպեսզի ամբաստանյալ Արման Խաչատրյանը, ով մինչ
այդ հրաժարվում էր պաշտպանից, փաստաբան ներգրավի։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց
սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի
17–ին սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները
ռեստորանի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալիԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս, 12 օր գտնվելով ծայրահեղ
ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ գիտակցության չգալով։ Նրա հետ ծեծի
ենթարկված Արտակ Բայադյանը  և Գարիկ
Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության մարմնական վնասվածքներ:

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքարի»
վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին,
Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում
են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի  6-րդ և 14-րդ կետերով,
113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված
գործողություններ կատարելու մեջ:

Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը,
Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը համաձայն չեն առաջադրված
հոդվածների հետ։ Նրանց համոզմամբ՝ կատարվածը պետք է որակվի սպանություն ծանրացուցիչ
հանգամանքներում, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձնակի
դաժանությամբ և խուլիգանական դրդումներով (Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մաս):