NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանական ճառից հետո կհրապարակվի վճիռը

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության
գործի դատաքննությունը մոտենում է
ավարտին: Սեպտեմբերի 25-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով, որից հետո Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը կհրապարակի իր վճիռը:
Սեպտեմբերի 14-ին կայացած նիստին Ստեփան Հովակիմյանը
պնդեց, որ համաձայն չէ «Մոսկվա» կինոթատրոնի
ղեկավարության և դատախազ Աշոտ Գալստյանի կողմից հրապարակվող գողոնի չափի հետ, որ
ինքը դրամարկղից գողացել է ոչ թե 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի,
այլ 2,5 միլիոն դրամ և 10 հազար ռուսական ռուբլի: Նա այս թիվն է հայտնել նաև ինքնախոստովանական
ցուցմունքներ տալիս։
Գործով նոր պաշտպան, փաստաբան Արամ Ճուղուրյանը
դատարանից խնդրեց 10 օր պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնից գողության կատարելու մեջ
մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված էին երկու
տարուց ավելի: Կալանավորման միակ հիմքը Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն
է, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման հետևանքով:
Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք Կենտրոն և
Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չնշվեց մինչև
2012թ.-ի հուլիսի 26-ը, երբ Վահրամ Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, դատարանում
ցուցմունք տվեց, որ
Հովակիմյանը իր որդուն տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին ու համոզել, որ դրամարկղից
գողություն կատարի, սակայն Քերոբյանը վերջին պահին հրաժարվել է: Ավելի ուշ
Հովակիմյանը դատարանում ցուցմունք տվեց և խոստովանեց, որ Քերոբյանն անմեղ է։
Վահրամ Քերոբյանի խափանման միջոցը օգոստոսին
փոխարինվեց 500.000 ՀՀ դրամ գրավով, և նա ազատ արձակվեց։ Իսկ Ստեփան Հովակիմյանը
դեռ կալանավորված է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կատարված
գողության մեջ (ՀՀ Քր.օր. 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), որը պատժվում է
ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը
16:00–ին:
