Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողի իրավունքները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրատարակել է «Ինչպես լուսաբանել իրավական թեմաները» վերնագրով ուղեցույց լրագրողների համար։

Ուղեցույցն ունի երեք բաժին, որոնք վերաբերում են տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավունքին,
քրեական վարույթ իրականացնող մարմինների գործունեությանը և քրեական գործերի վերաբերյալ
տեղեկատվության տնօրինման առանձնահատկություններին։

«Առաջին բաժինը հաղորդում
է, թե  ինչպես կարելի է տեղեկություններ ստանալ
իրավական հիմնավորումներով, ինչպիսի խոչընդոտներ կարող են լինել և լրագրողն ինչպես
կարող է հաղթահարել դրանք: Ուղեցույցի այս և մյուս թեմաները կարևոր են ցանկացած լրագրողի
համար, քանի որ առանց իրավունքների ու պարտականությունների գիտակցության չի կարելի
գրել իրավական թեմաներով»,- www.hra.am –ին հաղորդում է ուղեցույցի համահեղինակ, իրավաբան
Գևորգ Հայրապետյանը:

Նա նշում է, որ իրավական
ոլորտում գործող լրագրողները գրքույկի միջոցով կարող են ծանոթանալ ինչպես տեղական,
այնպես էլ միջազգային օրենսդրությանը: Հայրապետյանը հատկապես կարևորում է 2003թ. ընդունված
Եվրոպայի խորհրդի «Զանգվածային լրատվամիջոցներով 
քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ» հռչակագրի
դրույթները, որով սահմանվում է ԶԼՄ–ների կողմից քրեական գործերի լուսաբանման սկզբունքները:

Հռչակագիրը բաղկացած
է 17 կետից, որոնց համաձայն՝ հասարակությանը ԶԼՄ–ների միջոցով պետք է տեղեկանա քրեական
գործի վարույթի մասին, հատկապես եթե գործում առկա է հանրային շահ։ Միևնույն ժամանակ,
լրատվամիջոցը պետք է պահպանի նախաքննական գաղտնիքը և ամբաստանյալի անմեղության կանխավարկածը:

«Հռչակագրի 8-րդ
կետի համաձայն՝ կասկածյալի, մեղադրյալի կամ քրեական վարույթի այլ մասնակիցների վերաբերյալ
տեղեկություն հրապարակելիս պետք է հարգել այդ անձանց անձնական կյանքի իրավունքը, հատկապես
երբ խոսքը անչափահասի կամ այլ խոցելի անձանց մասին է, ինչպիսն են զոհերը, վկաները և
նրանց ընտանիքի անդամները»,- ասում է Գևորգ Հայրապետյանը:

Լրագրողների ուղեցույցում
ներկայացված է նաև քրեական գործերի հարուցման գործընթացը, նախաքննական նյութերի հասանելիությունը
և տեղեկատվություն ստանալու սահմանափակումները՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։