NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավետյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

«Հարսնաքարում» ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով
դատական նիստն արդեն երկրորդ անգամ
հետաձգվում է նոր պաշտպանի ներգրավման պատճառով:
Հոկտեմբերի 3-ի նիստին ամբաստանյալ Արման Բաղդասարյանը որոշեց փոխել իր պաշտպանին։ Նա հրաժարվեց Հովհաննես Հարությունյանի ծառայություններից, ում կփոխարինի մեկ այլ փաստաբան՝
Վաղարշակ Գևորգյանը։ Նոր պաշտպանը դատարանից 2 շաբաթ խնդրեց գործի նյութերին պատշաճ կերպով ծանոթանալու
համար: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Դավիթ Հարությունյանը որոշեց, որ մեկ շաբաթը բավարար ժամանակ է գործի նյութերին
ծանոթանալու համար:
Նշենք, որ նախորդ նիստը նույնպես հետաձգվեց նոր պաշտպանի
ներգրավման պատճառով։ Ամբաստանյալ Արման Խաչատրյանի նոր պաշտպանը՝
Ավագ Լալայանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։
Գործով մեղադրող, դատախազ Արթուր Դավթյանը միջնորդեց, որ դատական նիստերը նշանակվեն
ոչ թե շաբաթը մեկ, այլ՝ երկու անգամ: Պաշտպանական կողմի փաստաբանները դեմ
արտահայտվեցին՝ պատճառաբանելով, որ զբաղված են, բայց դատավորը միջնորդությունը բավարարեց:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին։
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու
պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի
ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի
կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս, 12 օր
գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ՝ գիտակցության չգալով։
Նրա հետ ծեծի ենթարկված Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի
ծանրության մարմնական վնասվածքներ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրվեց «Հարսնաքարի»
վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին,
Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում
են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով,
113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված
գործողություններ կատարելու մեջ:
