Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ չեն հաճախում դպրոց կամ մանկապարտեզ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հոկտեմբերի 16-ին հրապարակել է «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշել է, որ չնայած իրականացվող
բարեփոխումներին, Հայաստանում
դեռևս շատ անելիքներ կան հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության առումով:

Նրա խոսքերով՝ հազարավոր երեխաներ դեռ ապրում են մանկատներում և հատուկ դպրոցներում՝ մեկուսացված մնալով իրենց ընտանիքից ու հասարակությունից։ Մյուս խնդիրն
այն է, որ կան
բազմաթիվ երեխաներ, որոնք չունեն հաշմանդամության կարգավիճակ և «անտեսանելի են» համակարգի համար։

«Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց, չեն մասնակցում համայնքի կյանքին»,- նշել է տիկին Արենսը՝ հավելելով, որ ներառական կրթարաններում ուսում ստանալը կարևոր նախապայման է երեխաների
զարգացման համար
:

Պաշտոնական տվյալներով՝ հաշմանդամություն
ունեցող հաշվառված
երեխաների թիվը Հայաստանում մոտ 8000 է, որը երեխաների ընդհանուր թվի
մեկ տոկոսն է։ Սակայն, ինչպես նշվում
է զեկույցում, կան երեխաներ, որոնք հաշվառված չեն և դուրս
են մնում սոցիալական ծառայությունների համակարգից:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» ուսումնասիրությունն իրականացվել է մոտ 6000 երեխաների շրջանում, որից մոտ 400–ը գտնվում են հաստատությունների խնամքի տակ։

Ուսումնասիրությունը բացահայտել է, որ հաշմանդամություն ունեցող
8 երեխաներից մեկն ապրում է հաստատություններում, ընդ որում՝ ավելի շատ հաշմանդամ աղջիկներին
են տանում մանկատուն, քան՝ տղաներին:

Հաստատություններում խնամվող և հաշմանդամություն ունեցող երեխաների
23 տոկոսը, ըստ զեկույցի, մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս
միայն բժշկին այցելելու նպատակով:

Հարցումները պարզել են, որ հաստատության խնամքի տակ գտնվող հաշմանդամ
20 երեխաներից միայն մեկն է հանրակրթական դպրոց հաճախում, 5-ը հաճախում է հատուկ դպրոց,
իսկ 14-ը դուրս է մնում ընդհանուր հիմնական կրթությունից։

Մինչդեռ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»
կոնվենցիան արգելում է հաշմանդամության պատճառով ընդհանուր կրթական համակարգից մեկուսացումը:

Կրթական համակարգից դուրս մնալու պատճառները ծնողները պատճառաբանել
են այսպես՝  հարցված ծնողներից 48 տոկոսը նշել
է, որ երեխան չի կարող սովորել դպրոցում, 34 տոկոսը նշել են, որ երեխայի առողջական
խնդիրները թույլ չեն տալիս դպրոց հաճախել, 19-ը տոկոսը նշել է, որ դպրոցը չունի համապատասխան
պայմաններ, իսկ 4 տոկոսի երեխաներին պարզապես չեն ընդունել դպրոց:

Հավելենք, որ ստորագրելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ մեր երկիրը պարտավորություն է ստանձնել պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ հավասար
պայմաններ ստեղծելով նրանց համար։