NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քսանից ավելի միջնորդությունների քննարկումը հետաձգվեց

Հոկտեմբերի 17-ին կայացած նիստում Ավան և Նոր Նորք վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հետաձգեց
Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչների ավելի քան 20 միջնորդությունների
քննարկումը։
Փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը
դատարանին էին ներկայացրել «Նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու համար մի շարք
դատական գործողություններ կատարելու մասին» միջնորդություն՝ բաղկացած 25 կետից։
Միջնորդությունների մասին կարծիք հայտնելով՝ դատախազ Արթուր
Դավթյանը նշեց, որ դրանց մեծ մասը մերժման ենթակա է, քանի որ կապ չունի քննվող գործի
մեղադրանքի ծավալի հաստատման կամ հերքման հետ և ավելի շատ ուղղված է հանցագործության
այլ մասնակիցների բացահայտմանը (դրանք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիային կամ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին)։
Որոշ միջնորդությունների քննարկումը, ըստ մեղադրողի, դատարանը
պետք է հետաձգի։ Նա հիշեցրեց, որ օգոստոսի 18-ին քրեական գործից մաս է անջատվել, որով
նախաքննություն է ընթանում հանցագործության հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերման
ուղղությամբ, և միջնորդությունների մի մասը կարող են ներկայացվել քրգործի անջատված
մասով։
Ամբաստանյալների պաշտպանները 30 րոպե ժամանակ խնդրեցին դատարանից
միասնական դիրքորոշում հայտնելու համար։
«Ի՞նչ է նշանակում համակարգված դիրքորոշում հայտնել, երբ գործում
կա 6 ամբաստանյալ։ Մենք արդեն որերորդ դեպքն ենք արձանագրում, երբ, ժամանակ խնդրելով,
պաշտպանները նիստն անհարկի ձգձգելու փորձ են անում»,– հայտարարեց տուժողի իրավահաջորդի
ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։
Ընդմիջումից հետո ամբաստանյալների պաշտպանները միջնորդությունների
վերաբերյալ կարծիք հայտնեցին առանձին–առանձին։ Նրանք հիմնականում համաձայն էին դատախազի
հետ, որ միջնորդությունների մի մասը պետք է մերժվի, մի մասը՝ հետաձգվի։
Պաշտպանները անհամաձայնություն հայտնեցին մեղադրանքի այն մասի
հետ, որ ամբաստանյալները գործել են «միասնական դիտավորությամբ՝ փոխլրացված գործողություններով»։
Նրանք գտնում են, որ պետք է հստակեցվի յուրաքանչյուրի
գործողությունները և մասնակցությունը միջադեպին։
Այդուամենայնիվ, միայն Նորայր Հայրապետյանի և Արման Բաղդասարյանի
պաշտպանները միացան տուժողների և ամբաստանյալների հագուստների կենսաբանական, մասնիկաբանական
փորձաքննություն անցկացնելու միջնորդությանը՝ մեղքի մասնաբաժինը անհատականացնելու և
պարզելու համար, «թե ով ում է հպվել»։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և, քննելով «Նոր ապացույցներ
պահանջելու և գործին կցելու համար մի շարք դատական գործղություններ կատարելու մասին»
միջնորդությունը, որոշեց հետաձգել դրա քննարկումը՝ մինչ որոշում կայացնելու համար էական
հանգամանքերի պարզումը։
Հոկտեմբերի 17-ի նիստին մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ
Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը՝ խնդրելով, որ դատարանը արգելի լրագրողներին նիստերի դահլիճում իր պաշտպանյալին լուսանկարահանել և տեսնկարահանել։ Փաստաբանը պատճառաբանեց,
որ ԶԼՄ–ները խախտում են Մարգարյանի անմեղության կանխավարկածը և նրան ներկայացնում որպես
հանցագործի։
Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները։
Դատախազը և տուժողների ներկայացուցիչները առարկեցին միջնորդությանը՝
պատճառաբանելով, որ գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, և արդարացման վճռի դեպքում
կարելի է զրպարտության հոդվածով հերքում պահանջել լրատվամիջոցից։
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հայտնելով, որ այս փուլում
լրագրողների աշխատանքը սահմանափակելու անհրաժեշտությունը չկա։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու
պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի ավտոկայանատեղիում
ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին:
Վերջինս, 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ՝ գիտակցության
չգալով։ Նրա հետ ծեծի ենթարկված Արտակ Բայադյանը
և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության մարմնական վնասվածքներ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրվեց
«Հարսնաքարի» վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին,
Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։
