NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մատաղիսում սպայի կողմից ծեծի ենթարկված զինվորը վիրահատվել է

Հոկտեմբերի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով ահազանգում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասում սպայի կողմից զինծառայողին ծեծելու և նվաստացնելու դեպքի մասին։
2010թ. նոյեմբերին զորակոչված Վանյա Մինասի Կարապետյանի ծնողները դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ տեղեկացնելով, որ իրենց որդին 2012թ սեպտեմբերին մարտական հենակետում հերթապահության ժամանակ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից և ստիպված է եղել կատարել հանվել-հագնվելու նրա երեք հրամանները:
Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին և ցավազրկող դեղեր ընդունել։ Սակայն շարունակական գլխացավերի պատճառով զինվորին տեղափոխել են Ալաշայի, այնուհետև՝ Ստեփանակերտի և Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան վիրահատել են:
Այժմ Վանյա Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում:
Ծնողների խոսքերով՝ իրենք դեպքի մասին իմացել են միայն վիրահատության նախորդ օրը, և իրենց չեն տրամադրել իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
Ծնողների բողոքներին արձագանքել է զինդատախազ Գևորգ Կոստանյանը՝ ասելով, որ դեպքի առթիվ քննություն է տարվում։ Իսկ Պաշտպանության նախարարությանը հասցեագրված ծնողների երկու նամակները մնացել են անպատասխան։
Ըստ հայտարարության՝ ծնողները տեղեկացրել են, որ գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանը պարբերաբար ծեծի է ենթարկել ոչ միայն Վանյա Կարապետյանին, այլ նաև ուրիշ զինվորների։ Սակայն գործը քննող քննիչը ասել է, որ Սարգսյանը զորավարժությունների է մասնակցում, և հնարավոր չի եղել նրա նկատմամբ քննչական գործողություններ կատարել։ Ծնողները մտավախություն ունեն, որ զինծառայողները քննչական մարմնին չեն կարողանալու բռնության մասին օբյեկտիվ ցուցմունքներ տալ, քանի որ Կամո Սարգսյանը շարունակում է ծառայել, և զինվորները գտնվում են նրա ենթակայության տակ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ իրենք արձանագրում են սպայի կողմից զինծառայողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հերթական դեպքը և պահանջում են ապահովել դեպքի քննության հրապարակայնությունը:
