Քննարկվեց Պրոբացիոն ծառայության ռազմավարության նախագիծը

Հոկտեմբերի 30-ին «Կոնգրես» հյուրանոցում
ներկայացվեցին Հայաստանում Պրոբացիոն ծառայության ձևավորման ռազմավարական փաստաթուղթը
և գործողությունների պլանը:

Դրանք մշակվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող
«Քրեակատարողական համակարգի բարեփոխումների, ներառյալ պրոբացիոն ծառայության ստեղծման
ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակություն»
ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:

2012թ. հունիսին ՀՀ նախագահը հաստատել է Հայաստանում
իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, որի համաձայն
ՀՀ արդարադատության նախարարության ներքո պետք է ստեղծվի Պրոբացիոն ծառայություն՝ որպես
քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին քրեական արդարադատություն իրականացնող
գործակալություն:

Փորձագետ Դանիել Ստոյանովը նշեց, որ ռազմավարական
փաստաթուղթը մշակելիս ուսումնասիրվել է ԵՄ լավագույն փորձը, միևնույն ժամանակ հաշվի
է առնվել հայաստանյան իրականությունը և քրեակատարողական համակարգում առկա կարիքները:

Ռազմավարական փաստաթղթի համաձայն՝ առաջարկվում
է ստեղծել Պրոբացիոն ծառայության կենրոնական մարմին, ինչպես նաև՝ 16 գրասենյակներ ՀՀ
մարզերում, որտեղ ընդհանուր առմամբ կաշխատեն 140-ից 205 մասնագետ:

Պրոբացիոն ծառայության հիմնական նպատակն է
հասարակության համար սպառնալիք չներկայացնող անհատների նկատմամբ պատժի ազատազրման հետ
չկապված միջոցներ իրագործելը:

Առանձին քննարկվեց նախաքննության փուլում
ազատությունից զրկում չնախատեսող խափանման միջոցների դեպքում էլեկտրոնային մոնիթորինգի
կիրառման հարցը, հնարավոր խնդիրները և դրանց լուծումը։ Էլեկտրոնային մոնիթորինգը պետք
է իրականացվի մեղադրյալի ձեռքին ամրացված հատուկ սարքի միջոցով։ Կարծիքներ հնչեցին,
որ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման դեպքում չպետք է մեղադրյալի կողմից որևիցե վճարում
կատարելու նախապայման դրվի, որպեսզի ապահովված լինի օրենքի առջև բոլոր անձանց հավասարության
սկզբունքը:

Ծրագիրն իրականացնողների կարծիքով՝ էլեկտրոնային
մոնիթորինգի համակարգի ներմուծումը կնպաստի առկա մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում`
քրեակատարողական հաստատությունների բեռնաթափմանը,
 հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրա
վերաինտեգրմանը:

Նախատեսվում է, որ Պրոբացիոն ծառայության
կողմից կպատրաստվեն նաև անձի սոցիալական և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ
սոցիալական հետազոտության հաշվետվություններ, որոնք կարող են ներկայացվելանձին պայմանական
վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմումները
քննարկող հանձնաժողովներին:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն,
պրոբացիայի կիրառումը թույլ է տալիս էապես խնայել ազատությունից զրկված անձանց վրա
ծախսվող` պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները:

Բարձր գնահատելով պրոբացիոն համակարգի ստեղծման
կարևորությունը և արդիականությունը` մասնակիցները նշեցին, որ հայաստանում ծրագրի ներդրմանը
կարող է խոչընդոտել ծառայության ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը,
բարձր որոկավորում ու փորձ ունեցող մասնագետների` հոգեբանների և սոցիալական աշխատողների
բացակայությունը, մարզերում գրասենյակային տարածքի ապահովման դժվարությունը և այլն:
 

Աննա Մելիքյան