NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անհարիր պահվածքի համար դատախազն ազատվել է աշխատանքից

Դատախազ Մեսրոպ Մանրիկյանն ամիսներ առաջ վիճաբանել էր «Ռեգնումի» խմբագրի հետ և ապտակել նրան, սակայն պաշտոնանկ արվեց նախագահ Սարգսյանի՝ դատախազությունում հրավիրած խորհրդակցությունից հետո միայն։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով հոկտեմբերի 31-ին աշխատանքից ազատվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:
Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքերով՝ դատախազին աշխատանքից ազատելը կապված է «Ռեգնումի» խմբագրի հետ տեղի ունեցած միջադեպի հետ, իսկ պատճառը եղել է Մանրիկյանի՝ դատախազին անհարիր պահվածքը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 13-ին «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության արդյունքում ծեծի է ենթարկվել երեխաների, հղի կնոջ և մոր աչքի առջև։
Հետագայում պարզվել էր, որ այն անձը, ում հետ վիճաբանել է խմբագիրը, եղել է դատախազ Մանրիկյանը։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, և մեղադրանք էր առաջադրվել երկու անձանց՝ Ռուբեն Գրդզելյանին և դատախազի որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին, իսկ դատախազը գործով անցնում էր որպես տուժող։
Հոկտեմբերի 9-ին կայացված վճռով դատարանն արդարացրեց խմբագրին, իսկ դատախազի որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր ճանաչեց Գրդզելյանին ծեծելու մեջ։ Խմբագիրը պնդում էր, որ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը պետք է պատասխանատվության ենթարկվի վիճաբանություն հրահրելու և իրեն ապտակելու համար, սակայն անիմաստ համարեց վճիռը բողոքարկելը։
Միջադեպից անցել է 6 ամսից ավելի, իսկ դատարանի որոշումից՝ գրեթե մեկ ամիս։ Մեսրոպ Մանրիկյանը մինչև վերջերս շարունակում էր աշխատել դատախազության համակարգում։ Հետաքրքիր է, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը համընկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 29-ին դատախազությունում հրավիրած խորհրդակցության ու կոշտ հայտարարությունների հետ։
Դատախազների գործունեության ընթացքում թույլ տված խախտումները թվարկելիս, Սարգսյանը նշել էր նաև իրենց կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում դատախազների անպատիժ մնալու մասին։
«Դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել»,– նշել էր նախագահը՝ հավանաբար ակնարկելով Գրդզելյանի գործի մասին, որտեղ ներգրավված վկաներից մեկի ցուցմունքները դատարանը արժանահավատ չհամարեց:
