Կրոնական կազմակերպության ներկայացուցչի գործը հասավ ՄԻԵԴ

Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանություն» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) և նշանակել է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։ Սակայն դատարանը կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011թ. ԱԺ որոշումը ր Բաղդասարյանին ազատել նշանակված պատժից։

2010թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը մտել է կրոնական կազմակերպության անդամներին պատկանող շենք (Սևան կինոթատրոնի նախկին շենքը) և առանց պատշատ ներկայանալու և թույտվության նկարահանումներ է կատարել, իրենց խոսքերով, «աղանդավորական կազմակերպության» գործունեության մասին։ Տարածքի համասեփականատեր, կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել։ «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։

Դատավարության ողջ ընթացքում Բաղդասարյանը և նրա պաշտպանները հայտարարել են, որ քրեական գործը շինծու է՝ կրոնական անհանդուրժողականության ու խտրականության արդյունք: Նրանց կարծիքով՝ քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով, այլ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելու համար:

«Ամբողջ գործում նշված է, որ «աղանդավորները խոչընդոտել են» և «աղանդավոր» բառը շատ է շեշտվում վարույթն իրականացնող մարմինների որոշումների մեջ, ինչը ապացուցում է, որ Վլադիմիր Բաղդասարյանը հետապնդվել է՝ որպես կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, և այս կերպ փորձել են սահմանափակել նրա գործունեությունը և արատավորել նրան ու իր կազմակերպության անունը»,- ավելի վաղ www.hra.am -ին մեկնաբանել էր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը՝ հավելելով, որ եթե տեղական դատարաններում չհասնեն արդարացման վճռի, դիմելու են ՄԻԵԴ։

Հոկտեմբերի 22-ին Ռևազյանը ՄԻԵԴ է ուղարկել իր պաշտպանյալի գործով հիմնական գանգատը։ Փաստաբանի կարծիքով՝ նախաքննական մարմինը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 9-րդ (Մտքի, խղճի և կրոնի ազատություն) և 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածները: