NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խտրականության դեմ օրենքի նախագիծ է մշակվելու

Խտրական վերաբերմունքի ենթարկվող մարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում։
Նոյեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին տեղեկացրեցին օրենսդրական նախաձեռնության մասին։
«Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի»,– ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նախագծում կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:
«Խտրականության դեմ» օրենքի նախագիծը առաջիկայում կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին՝ կարծիքների և առաջարկությունների համար։
