NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է ապացույցներ կեղծելու մեջ

ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով։ Սեպտեմբերի
6-ին ոստիկանապետի հրամանով նրա լիազորությունները դադարեցվել են, իսկ դեկտեմբերի 5-ին
նա ձերբակալվել է։ Դանիելյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ։
Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը։ Գործը գտնվում է ՀՀ քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում։
Ըստ նախաքննական նյութերի՝ Գագիկ Դանիելյանը առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավելով Ն. Հ-ին, ով քննիչի ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ 2010 թ. օգոստոսի 28-ի գիշերը Քաջարան քաղաքի զբոսայգում ականատես է եղել երկու անձանց վիճաբանությանը, որի արդյունքում Գ.Պապյանը
մահացել է։
Մինչդեռ, ՀՔԾ կողմից ձեռքբերված ապացույցներով, Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
Ըստ հաղորդագրության՝ գործով չարաշահումներ թույլ տալու
մեջ կասկածվում են այլ պաշտոնատար անձինք ևս, որոնց թիվը և անունները հաղորդագրության մեջ չի նշվում։
