NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մահացել է ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը

Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարի անազատության մեջ էր, Ամանորի գիշերը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին լուրը տարածել է ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը։
Սեմերջյանը 1991 թ-ին դատապարտվել էր մահապատժի՝ մեղադրվելով չորս անձանց սպանության մեջ։ Մահապատժի վերացումից հետո նրա պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։
Անազատության մեջ 20 տարի անցկացնելուց հետո ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել, սակայն մերժվել էր՝ առանց պատշաճ հիմնավորման։
Պայմանական վաղաժամկետ ազատման մերժումը ներպետական բոլոր ատյաններում վիճարկելով՝ 2012-ի հունիսին Սեմերջյանը բողոք էր ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և սպասում էր պատասխանի։
Մինչ այդ՝ 2012–ի մայիսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել էին «Արթիկ» ՔԿՀ՝ կիսափակ ռեժիմի:
Նրա փաստաբան Նարինե Ռշտունին www.hra.am –ին հաղորդել է, որ Սեմերջյանը ստամոքսի խոց ուներ, մի քանի ծանր վիրահատություն էր տարել և դիմել էր հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն մերժում էր ստացել։
Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել Մանուկ Սեմերջյանի մահվան պատճառների մասին։
Pastinfo.am –ի տվյալներով՝ Մանուկ Սեմերջյանը դեկտեմբերի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրա նախնական ախտորոշումը եղել է սուր որովայնային աղիքային անանցանելիություն, հիպոբոլեմիկ շոկ, երիկամային անբավարարություն: Սեմերջյանը շտապ վիրահատվել է, սակայն գիշերը նրա վիճակը կտրուկ վատացել է։ Տեղի է ունեցել շնչառական կանգ, սիրտանոթային համակարգի ընկճում, և հիվանդը մահացել է:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը լիարժեք չի գործում. փաստաբան Նարինե Ռշտունին պատասխանեց. «Անձին ազատելու համար պետք է նախապես աշխատանք տանել նրա հետ, ջանքեր գործադրել նրան փոխելու համար, որ համոզված լինեն, որ ազատելուց հետո նա այլևս հանցագործություն չի կատարի։ Բայց ավելի հեշտ է ոչինչ չանել ու բաց չթողելը։ Ոչ ոք չի ուզում իր վրա որևիցե պատասխանատվություն վերցնի, չեն մտածում, որ մարդու կյանքի հետ գործ ունեն... Դատարանում անընդհատ շեշտում էին, որ ինքը չորս հոգու է սպանել, էլ ի՞նչ ազատում։ Սակայն, եթե այդպես է, ուրեմն օրենքը գրել են միայն Եվրոպային ցույց տալու համար, որ լավ օրենք ունեն։ Մեր համակարգը դատապարտյալի մեջ անձ և մարդ չի տեսնում»։
