NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հարսնաքարի» գործով հարցաքննվեց ռեստորանի երգիչը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 1-ին շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուս տուժողների գործի քննությունը:
Դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց երգիչ Դավիթ Հակոբյանը, ով դեպքի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հրավիրվել էր երգելու:
Վահե Ավետյանը և Դավիթ Հակոբյանը ծանոթացել են 2012 թվականի մայիս ամսին, երբ Ավետյանը վիրահատել է երգչի քիթը:
Վկան պատմեց, որ դեպքի օրը Վահեն զանգահարել է իրեն՝ ճշտելու համար արդյո՞ք «Հարսնաքարում» ազատ սեղաններ կան և նախնական պատվեր տալու: Երգիչը խնդրել է մատուցողներին, որ սեղան պատրաստեն Վահեի և ընկերների համար, սակայն լավ չի հիշում, թե նրանք քանի հոգով էին:
Դավիթ Հակոբյանը հիշեց, որ այն ընթացքում, երբ Վահեն ընկերների հետ ռեստորանում էր, մատուցողներից մեկն իրեն ասել է, որ նրանց հետ ինչ-որ խնդիրներ կան։ Դրանից հետո ինքն անմիջապես զանգահարել է Վահե Ավետյանին, ով ասել է, որ ամեն ինչ լավ է:
Վկայի խոսքերով՝ այդ օրն ինքը այլևս չի խոսել կամ հանդիպել Վահեի հետ, իսկ դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և որոշ մանրամասներ չի հիշում, որովհետև դեպքից երկար ժամանակ է անցել:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս, 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ գիտակցության չգալով։ Նրա հետ ծեծի ենթարկվածԱրտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության մարմնական վնասվածքներ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել«Հարսնաքարի» վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու մեջ:
Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը համաձայն չեն առաջադրված հոդվածների հետ։ Նրանց համոզմամբ՝ կատարվածը պետք է որակվի սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձնակի դաժանությամբ և խուլիգանական դրդումներով (Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մաս):
