NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլ, հացադուլ՝ մինչև վերջ
Հայաստանի նախագահի թեկնածու Անդիրաս Ղուկասյանը, ով հունվարի 21-ից հացադուլի մեջ է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։
«Նա չի տեղափոխվելու հիվանդանոց, հացադուլը շարունակելու է հացադուլի վայրում մինչև ընտրությունների ավարտը, եթե մինչ այդ առողջության հետ կապված բարդություններ չառաջանան, և չհայտնվի անելանելի վիճակում»,– փետրվարի 13–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թեկնածուի ընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։
Նա ասել է, որ Անդրիաս Ղուկասյանի վիճակը կայուն է, առողջության համար անդառնալի հետևանքներ չկան: Թեկնածուն գտնվում է թե՛ պետության տրամադրած, և թե՛ անձնական բժիշկների վերահսկողության տակ։ Նա սահմանափակել է շփումները լրագրողների հետ, քանի որ արդեն հացադուլի 24-րդ օրն է, և էներգիան չի բավականացնում։
«Հիմա մշակում ենք ընտրություններից հետո արվելիք աշխատանքների ռազմավարությունը, որպեսզի որոշենք, թե փետրվարի 18-ից հետո ինչ ենք անելու»,– ասել է Արմեն Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ իրենց պայքարը ոչ թե քվեների, այլ՝ ազատ և ժողովրդավար ընտրությունների համար է:
Հիշեցնենք, որ թեկնածուն Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև անժամկետ հացադուլի նստեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը։ Նա նախընտրական ծրագիր չի ներկայացրել և առայժմ իր պայքարի նպատակը տեսնում է «շինծու ընտրություններին» վերջ դնելու մեջ։ Նա պահանջում է չեղյալ համարել իշխող կուսակցության ղեկավար և գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը՝ որպես արդար և թափանցիկ ընտրությունների երաշխիք։
