NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախագահի ընտրություններ. հարուցված է 10 քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի Նախագահի ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում ԶԼՄ–ների հրապարակումների հիման վրա փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ:
Դրանք են.
1. 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Գործի շրջանակներում ԱԱԾ–ն ձերբակալել է երկու անձանց։ Նախաքննությունը շարունակվում է:
2. 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14:25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից: ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն։
3. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնին այն մասին, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծ հասցեում տեղակայված թիվ 34/36 ընտրատեղամաս է մտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովի անդամների հասցեին արել վիրավորական արտահայտություններ և շուրջ 30 րոպե խոչընդոտել ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը: Նախաքննությունը շարունակվում է:
4. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում փետրվարի 18–ին հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։
5. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:20-ին, «iditord.org» կայքում «Աջափնյակում լցոնումներ են կատարվում» վերտառությամբ հոդված է տպագրվել, որի համաձայն Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն ընտրելու դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, հրապարակման համաձայն, Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը: Հարուցված է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։
6. 2013թ. փետրվարի 18-ին առցանց լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` «Մետաքսում` շտաբի դիմաց, «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանը և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանը ենթարկվել են հարձակման. խլել են լրագրողների տեսախցիկը և հայհոյել»: Ահազանգերի հիման վրա` էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Փետրվարի 22-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
7. Փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով ստացվել է ահազանգ` Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասում Ա.Համբարձումյանի և դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու և քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Փետրվարի 22-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար:
8. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
9. 2013թ. փետրվարի 18-ին «iditord.am» կայքում տեղադրված «Բռնություն/սպառնալիքներ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ 8/23 ընտրատեղամասում Սյուզի Ալեքսանյանին առաջարկել են 80.000 դրամ կաշառք, սակայն տեսնելով, որ չի համաձայնում, վախեցրել և ահաբեկել են՝ սպառնալով «ընտանիքը վերացնել»:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/23 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Արամ Հարությունյանը քվեատուփում քվեաթերթիկներ լցոնելու եղանակով քվեարկել է այլ անձանց փոխարեն, ապա դրամական վարձատրության խոստանալու միջոցով խոչընդոտել է այդ փաստն արձանագրող` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սյուզաննա Ալեքսանյանի լիազորությունների իրականացմանը։ 2013թ. փետրվարի 22-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
10. «Ժառանգություն» կուսակցությունը տարածել էր լուսանկար, որում պատկերված է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում զինվորի կողմից բաց քվեարկության դեպք։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։
