NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Մատաղիսի» գործով արդարացման վճիռը մտավ ուժի մեջ
Մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Մատաղիսի» գործով Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի դեմ բերված Զինվորական դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.12.2012թ. կայացրած արդարացման վճիռը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատում է, որ 9 տարի պահանջվեց դատարաններից՝ հաստատելու, որ երեք երիտասարդներն անմեղ են, ինչի մասին նրանք պնդել են դատավարության ողջ ընթացքում։
Սակայն, նրա համոզմամբ, այսքանով «Մատաղիսի» գործը չպետք է փակվի։
«Անմեղ մարդիկ 2 տարի և 8 ամիս կալանքի տակ են գտնվել: Ինը տարի շարունակվող դատական գործընթացը, փաստորեն, երեք երիտասարդներին և նրանց ընտանիքներին բարոյական վնասներ է պատճառել: Խոշտանգումների վերաբերյալ նրանց հայտարարությունների հիմքով անկախ, ամբողջական և արդյունավետ քննություն չի իրականացվել։ Բացի այդ, դեռ չեն բացահայտվել սպանության իրական մեղավորները»,- նշում է Դանիելյանը ՝ հավելելով, որ արդարացման վճռից հետո նոր քննություն պետք է իրականացվի՝ իրական մարդասպաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը մեղադրվում էին 2003 թվականին Մատաղիսի զորամասում իրենց երկու համածառայակիցների սպանության մեջ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Մեղադրանքի հիմքում միայն Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով:
Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2004թ. ապրիլի 19-ին՝ առաջին անգամ որպես վկա հարցաքննվելիս, ինքը զինվորական դատախազության քննիչների կողմից մի քանի օր շարունակ ենթարկվել է դաժան ծեծի, հոգեբանական ճնշումների և սպառնալիքների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Վերջիններս նույնպես հայտարարել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:
2005թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ 2006թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել է ցմահ ազատազրկման: Սակայն 2006թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության՝ պահանջելով ազատել մեղադրյալներին:
Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին նոր մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որը հանգեցրել է մահվան, և 2008թ. մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն գործով նոր դատաքննություն է սկսել, որով վճիռը հրապարակվեց դեկտեմբերի 18-ին:
