Ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վիրավորումից մահացել է Սիփան Մովսիսյանը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ Ռազմական ինստիտուտի երկու կուրսանտների միջաև ծագած վիճաբանության արդյունքում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և կատարվում է նախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ վիճաբանություն է ծագել Ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանի և Սիփան Մովսիսյանի միջև։ Հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որի արդյունքում Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ։

Վերջինս հրազենային մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 22:20-ի սահմաններում մահացել է, ախտորոշումը՝ «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս»:

Արմեն Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մասին տեղեկանալով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, գլխավոր շտաբի պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Անդրադառնալով միջադեպին` Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն Զինված ուժերից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»:

Նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական քննություն և պատժել բոլոր մեղավորներին:

Միջադեպից հետո Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը news.am –ին տեղեկացրել է, որ թեև ՌԻ պետը հրաժարական ներկայացրել է, սակայն ամեն ինչ պարզ կդառնա ծառայողական քննությունից հետո։