Վարչապետը չընդունեց ցուցարար ազատամարտիկներին

Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության շենքի առջև 300-ից ավելի ազատամարտիկներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ապահովել իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը և համարժեք արձագանքել կառավարությանն ուղղված իրենց նամակին։

«Պահանջում ենք ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք, նրանց հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ սննդի մինիմալ զամբյուղի չափով։ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների ուսումը դարձնել անվճար, կոմունալ ծառայությունները 50%-ով կրճատել, առողջապահական ապահովագրություն սահմանել և այլն»,- իրենց պահանջները սեղմ ներկայացրեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ այլ երկրներում ամեն ինչ անում են ազատամարտիկների ու նրանց ընտանիքների համար՝ հպարտանալով, որ նրանց շնորհիվ իրենք ապրում են հաղթանակած երկրում։ «Իսկ մեզ մոտ վիճակը շատ ծանր ու ցավալի է: Մենք վաստակել ենք մեր երկրում արժանապտիվ կենսաթոշակի ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը, որը այսօր պետությունը չի ապահովում»,– hra.am –ի հետ զրույցում նշեց Ավետիսյանը:

Ազատամարտիկները «վարչապետ» վանկարկելով պահանջեցին, որպեսզի Տիգրան Սարգսյանը իջնի ներքև և լսի իրենց պահանջները։ Սակայն նրանց հետ հանդիպեց ՀՀ կառավարության աշխատակազմի դիմում–բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ցուցարար ազատամարտիկներին նախապես հորդորել էր 4 հոգանոց խումբ կազմել, որին այսօր պետք է ընդուներ վարչապետը և լսեր նրանց ներկայացրած խնդիրները:

Վարչապետը, սակայն, չընդունեց 4 հոգանոց պատվիրակությանը և չիջավ ցուցարարների հետ խոսելու, որից հետո ազատամարտիկները որոշեցին բողոքի երթով հասնել Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել նախօրոք հայտարարված նստացույցը։

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դեռևս մայիս 11-ին նստացույց էր սկսել Ազատության հրապարակում՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը և կատարել վերահաշվարկ՝ փոխհատուցելով ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին։

ՀՀ կառավարությանն ուղված նամակում նա մտահոգություն էր հայտնել նախկին զինծառայողներին տրամադրվող կենսաթոշակի չափերի մասին, ինչի պատճառով նրանք հայտնվում են աղքատության մեջ:

«Այդպիսի քաղաքականությամբ կառավարությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ զինծառայողներն իրեն պետք են միայն ծառայության ընթացքում: Նման երևույթը ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլև բացասաբար է ազդում Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա, քանի որ զինծառայողներին դնում է վարձկանի կարգավիճակում»,– նշել էր գնդապետը։

Մայիսի 14-ին ազատամարտիկները դադարեցրեցին նստացույցը, քանի որ այդ օրը ՀՀ կառավարությունը պետք է քննարկեր նրանց բարձրացրած խնդիրները։

Կառավարությունից ոչ մի արձագանք չստանալով՝ հունիսի 4-ին Վոլոդյա Ավետիսյանը վերսկսեց նստացույցը՝ նոր պահանջներով:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան