NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատամարտիկները հանդիպել են վարչապետին և ներկայացրել իրենց խնդիրը
Հունիսի 7-ին առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ազատամարտիկների 5 հոգանոց խմբին, ովքեր նրան ներկայացրել են ավելի վաղ հայտարարած իրենց նստացույցի պատճառները ու ներկայացրել պահանջները:
«Հանդիպեցինք վարչապետի հետ, մեկ ժամից ավել խոսել ենք, բոլոր մեր խնդիրները ներկայացրել ենք մեկ առ մեկ։ Վարչապետն էլ էր մտահոգ այս հարցերով և կարծում էր որ լուրջ խնդիրներ կան և անպայման պետք է լուծում ստանան, ուղղակի ֆինանսական սղություն և այլ պատճառներ կան, դրա համար է այս վիճակը։
Վերջում նա խնդիրներ դրեց հանդիպմանը ներկա իր օգնականների առջև, որ մեկ ամիս ժամկետում ուսումնասիրեն մեր պահանջները և ներկայացնեն եզրակացությունը, մեզ պատասխանեն, թե ինչքանով կարող են բավարարել մեր պահանջները»,- hra.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիները հունիսի 4-ից վերսկսել էին իրենց նստացույցը՝ պահանջելով բարձրացնել զինծառայողների կենսաթոշակը, ապահովել նրանց՝ արժանապատիվ ապրելու իրավունքը։
Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ հունիսի 16-ին կլինի ազատամարտիկների հանդիպում, որի ժամանակ իրենք կտեղեկացնեն, թե ինչ փուլում է գտնվում իրենց պայքարը և ինչ արդյունքներ է տվել վարչապետի հետ հանդիպումը:
Վոլոդյա Ավետիսյանը հույս ունի, որ իրենց բարձրացրած խնդիրները կլուծվեն. «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ տրված խոստումները կիրականան։ Երբ նոր էի սկսում նստացույցս, մարդիկ մոտենում, ասում էին՝ ոչ մի հարցդ էլ չի լուծվելու սենց նստելով։ Ասացի՝ ես կպայքարեմ, կփորձեմ քաղաքակիրթ ձևով, ինձ թվում է՝ պետք է որ ինձ լսեն, հնարավոր չի անտեսեն ու անուշադրության մատնեն:
Մի ամիս դեռ չի անցել, իսկ մեզ վարչապետն արդեն ընդունեց ու լսեց մեր խնդիրները: Ես հուսով եմ, որ կլուծվի այս խնդիրը քանի որ սա իրենց պատիվն է: Ազատամարտիկի բարեկեցիկ ապրելու իրավունքը իրենց պատվի ու խղճի հարցն է»,- ասում է Վոլոդյա Ավետիսյանը:
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
