NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գործադուլ. Փաստաբանները դժգոհ են Վճռաբեկ դատարանի գործունեությունից

Այսօր մեկնարկել է մի խումբ փաստաբանների երկօրյա գործադուլը։ Հունիսի 10-ին և 11-ին նրանք չեն ներկայանա դատական նիստերին, չեն մասնակցի քննչական գործողություններին: Այս կերպ փաստաբանները բողոքում են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությունից՝ պահանջելով օրենքի միանման կիրառություն:
«Դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի ստանդարտներ: Դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց վերաբերյալ վճռաբեկ բողոքները, կրկին առանց պատճառաբանության կամ կրկնվող և ոչինչ չասող պատճառաբանությամբ, վերադարձվում են»,– ասում է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Նրա պնդմամբ՝ իրենց համար պարզ չէ և որևէ տրամաբանական վերլուծության չի ենթարկվում այն, թե ինչ չափանիշներով է, օրինակ, Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունում կամ մերժում։
Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով՝ ուղիղ մեկ տարի առաջ կազմակերպված փաստաբանների գործադուլից հետո Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ չկա, իշխանությունների տված խոստումները չեն իրականացել և դատական համակարգում առկա ճգնաժամն ավելի է խորացել։
Այս տարի փաստաբանների գործադուլին միացել են 46 փաստաբաններ, մյուսները, թեև դժգոհ են Վճռաբեկ դատարանի գործունեությունից, սակայն նախընտրում են պայքարի այլ տարբերակ։
