Ինքնասպան է եղել 22-ամյա ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը

Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը ՀՀ ԱՆ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախցում ինքնասպանություն է գործել՝ ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելու միջոցով: Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Մանվել Հազրոյանը պատժախուց էր տեղափոխվել հունիսի 11-ին։ Նրա նկատմամբ կարգապահական 10-օրյա տույժ էր նշանակվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար:

08.08.1991թ.-ին ծնված Մանվել Հազրոյանը դատապարվել էր զինվորական ծառայության ընթացքում գրանցված միջադեպի համար։

ԼՂՀ զորամասերից մեկում 2010թ նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում գրանցված միջադեպի արդյունքում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, ևս 4 զինծառայողներ ստացել էին հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ, այդ թվում՝ Մանվել Հազրոյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. վճռով Մանվել Հազրոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (երկու և ավելի անձանց սպանությունը), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանության փորձը) և 365 հոդվածի 1 մասով (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը):

Երեկ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին:

Ըստ պաշտպանի՝ այդ խնդիրներն են՝

1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար),

2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում չեն ստեղծվում աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություններ),

3. բացակայում է գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմ,

4. բացակայում է ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման, ռեժիմների փոփոխության և վաղաժամկետ ազատ արձակման ճկուն և տարբերակված համակարգ:

Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս 2012 թվականին պաշտպանը ցմահ ազատազրկվածների հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ԱԺ։

Օրենսդրական առաջարկներից մեկը վերաբերում է նրան, որ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց կենսափորձի, մտավոր լիակատար հասունության, անձի դեռևս լիարժեք ձևավորված չլինելու հանգամանքներով։ Այս սկզբունքով են առաջնորդվում նաև եվրոպական երկրները: