NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում է ՄԻԵԴ նախագահը
Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան այցելած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Վարչապետը հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը:
«Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:
Այնուհետև քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև` ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:
