NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ցուցարարները ծաղկավոր խալաթ կախեցին ՌԴ դեսպանատան առջև (լուսանկարներ)

Հուլիսի 17-ին ՌԴ դեսպանատան մոտ դարձյալ բողոքի ակցիա էր կազմակերպվել` ի պաշտպանություն ՌԴ-ում հուլիսի 13-ին տեղի ունեցած ծանր ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի, ով նվաստացուցիչ վերաբերմունքի էր արժանացել:
Բողոքի ակցիան կազմակերպել էր «Հայազն» կուսակցությունը: Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին կանացի ծաղկավոր խալաթ, որպեսզի հանձնեն ՌԴ դեսպանին, սակայն դեսպանատան աշխատակիցները թույլ չտվեցին:
«Այս ակցիան կարծես հուսահատության ճիչ լինի, քանի որ պետական մակարդակով որևէ արձագանք, մեծ հաշվով, չի եղել, բացի փաստաբանների տրամադրումից։ Մեր զայրույթը ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ տուժողը ոչ միայն ՀՀ քաղաքացի է, այլ նաև Արցախյան պատերազմի մասնակից»,– hra.am –ին ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե մեր իշխանություններն իրենց քաղաքացուն չեն հարգում, ապա այլ պետությունում էլ նրան չեն հարգի։
Իսկ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մարատ Ատովմյանը նշեց. «Այն կադրերը, որ մենք տեսանք Մոսկվայի դատարանից, ցույց են տալիս, որ ռուսական իրավապահ մարմինները և դատարանը նսեմացրել են Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը, որը հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։ Խախտվել է հենց Ռուսաստանի Սահմանադրությունը, խախտվել են Ռուսաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրեր»։
Ցուցարարները խալաթը կախեցին դեսպանատան դիմացի մայթին գտնվող հայտարարությունների վահանակից։ Խալաթի հետ փակցրեցին նաև իրենց հայտարարությունը և հեռացան։
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա էր կազմակերպվել նաև հուլիսի 16-ին։
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
