NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պայքար խավարի և ջրի դեմ. նստացույցը շարունակվում է (լուսանկարներ)
Արդեն 5–րդ օրն է՝ Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մասնակիցների անժամկետ նստացույցը։ Երևանի ներքաղաքային տրանսպորտի թանկացման որոշման կասեցումից հետո այժմ նրանք պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։
Նստացույց հայտարարած ակտիվիստներից Վահագն Մինասյանը hra.am–ին պատմեց, որ իրենց խաղաղ հավաքը խոչընդոտելու նպատակով այս օրերին սովորականից ավելի ինտենսիվ է աշխատում քաղաքապետարանի դիմացի կանաչապատ տարածքի ոռոգման համակարգը, ինչի հետևանքով թրջվում է ամբողջ մայթը և իրենք։
«Բողոքի ակցիայի օրերին սովորականից ավելի առատ են ջրում, այնպես որ այս տարածքում հեղեղ է լինում։ Մոտակա շենքերի բնակիչներն ասում են, որ նախկինում էլ գազոնը ջրվել է, բայց ոչ նման կերպով: Բայց դե մենք հենց առաջին օրվանից գտանք լուծումը. ջրակայուն պաստառներով ծածկում ենք ջրցան սարքերը»,– նշեց ակտիվիստը:
Մյուս խնդիրը, որին բախվել են նստացույցի մասնակիցները, գիշերը «հովհարային անջատումներն են»։ Անջատվել են քաղաքապետարանի արտաքին լուսավորության և փողոցի լույսերը։
«Միայն կողքի փողոցում էին աշխատում լապտերները։ Ոստիկանները փորձեցին ճշտել, և պարզվեց, որ ինչ–որ վթար է եղել, դրա համար անջատվել է։ Ես կասկածներ ունեմ, որ դա միտումնավոր է արված, բայց դրանք բավարար չեն, որպեսզի ես կարողանամ բողոք ներկայացնել...»,– hra.am –ի հետ զրույցում ասաց Վահագն Մինասյանը։
Նրա խոսքերով՝ իրենք չեն բանակցել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և չեն էլ պատրաստվում. «Ես համագործակցության եզրեր չեմ տեսնում և չեմ կարող նույն սեղանի շուրջ նստել և բանակցել պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստ են վիրավորել քաղաքացիներին, հայհոյել լրագրողներին: Իսկ նստացույցն անժամկետ է, մինչև նրանք կբավարարեն մեր պահանջները»,– նշեց ակտիվիստը:
Իսկ ոստիկանների հետ հարաբերությունները, Վահագն Մինասյանի խոսքերով, նորմալ են, այնպես, ինչպես սովորական քաղաքացու և շարքային ոստիկանի միջև:
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
