NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է ակտիվիստների նկատմամբ բռնություններով

Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի և Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ:
Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա:
Հույժ կարևոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական»:
