NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարուցվել է քրեական գործ ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծը) հարուցվել է քրեական գործ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ։ Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 1:30-ի սահմաններում Գ. Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ» հյուրանոցի մոտ, Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին յոթ երիտասարդներ են մոտեցել և անհիմն վիճաբանել՝ քաղաքապետարանի առջև նստացույցին մասնակցելու կապակցությամբ, ապա ծեծի ենթարկել նրանց։
Միջադեպի վերաբերյալ Միհրան Մարգարյանը և Բաբկեն Տեր–Գրիգորյանը հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Վերջինը հայտնել է, որ ծեծի ընթացքում իր գրպանից ընկել է «Iphone 4» բջջային հեռախոսը և ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից վերցրել է:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օգոստոսի 27-ին մի կին ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացրել Բաբկեն Տեր-Գրիգորյանի անձնագիրը և հայտնել, որ այն գտել է նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Մայրաքաղաքային» գնդի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտից, իսկ դեպքի մասին որևէ տեղեկություն չունի:
Նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նմանատիպ 5 միջադեպ է գրանցվել, անհայտ անձանց խմբերի կողմից փողոցում ծեծի են ենթարկվել Երևանում ընթացող բողոքի ակցիաների մասնակից կամ ակտիվ մասնակիցների հետ անմիջական կապ ունեցող 7 անձինք։ Մինչ օրս քրեական գործ հարուցվել է միայն մեկ միջադեպի կապակցությամբ։
