NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բերդ–Իջևան ճանապարհի վրա սահմանից կրակ են բացել, կա զոհ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը, խախտելով հրադադարը, կրակահերթ է բացել ճանապարհով ընթացող մեքենաների վրա, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական և զինվորական մեքենաներում եղած անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային, 1994թ. ծնված Գարիկ Արտակի Պողոսյանը (Վանաձորի զ/կ, 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը, Արայիկ Նորիկի Ժամհարյանը և Մարտին Վահրամի Պետրոսյանը (բոլորը 1994թ. ծնված):
Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին և հայտարարում, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա, իսկ սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:
