Ներկայացվեց ՀՀ–ում միգրանտների ինտեգրման քաղաքականության վերաբերյալ զեկույցը

Հայաստանում մի շարք օրենքներ և քաղաքական որոշումներ կոչված են նպաստելու միգրանտների ինտեգրմանը հասարակության մեջ, սակայն լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել՝ հետագա բարեփոխումներ ապահովելու համար՝ եզրակացնում է գնահատման զեկույցը, որը պատրաստվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝ «Միգրացիոն քաղաքականության խումբ» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ։ Այն հանրությանը ներկայացվեց հոկտեմբերի 23-ին:

Գնահատման մեջ նշվում է, որ մշտական բնակության համար դիմելու և տեղական ընտրություններում քվեարկելու իրավունքից օգտվելու, ինչպես նաև երկքաղաքացիություն ստանալու հնարավորությունը օգնում են միգրանտներին և Հայաստանում նրանց միացած ընտանիքների անդամներին ինտեգրվել:

Միևնույն ժամանակ, գնահատման զեկույցը եզրակացնում է, որ խտրականության բացառման օրենքի և հավասարության խթանմանը նպաստող անկախ գործակալության բացակայությունը մարտահրավերներ է առաջացնում ներգաղթողների համար: Հաճախ նաև զգացվում է պետական նպատակային աջակցության պակաս՝ օգնելու ներգաղթածներին գտնել աշխատանք, ներգրավելու նրանց քաղաքական որոշումների կայացման գործընթացներում, իսկ նրանց երեխաներին՝ կրթական համակարգում:

«Նկատի ունենալով դեպի Հայաստան և Հայաստանից բնակչության տեղաշարժի խնդիրների կարևորությունը՝ այս զեկույցը պետք է օգտակար գործիք դառնա՝ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ որոշելու միգրացիոն կառավարման ոլորտում մեր հետագա գործունեության ուղղությունները»,— նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը զեկույցի շնորհանդեսին նվիրված քննարկման ընթացքում:

«Այս զեկույցը Հայաստանի իշխանություններին տրամադրում է օրենսդրության հետագա զարգացման և բարելավման, ինչպես նաև՝ միգրանտների ինտեգրման ոլորտում քաղաքական կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու լավ հիմքեր՝ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»,– իր խոսքում ասաց ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նատալի Թագվերքերը՝ հավելելով, որ միգրանտների ինտեգրման աջակցությունը դեռևս համեմատաբար նոր երևույթ է ԵԱՀԿ մասնակից շատ պետությունների համար:

Գնահատման զեկույցը պատրաստվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով: Այն պատրաստվել է «Միգրացիոն քաղաքականության խմբի» կողմից մշակած «Միգրանտների ինտեգրման քաղաքականության համաթվի» (MIPEX) մեթոդաբանության հիման վրա: Մինչ օրս MIPEX գնահատումն իրականացվել է ԵԱՀԿ 32 մասնակից պետությունում: