NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրությանը ներկայացվեց «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում» ձեռնարկը
Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների
հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր «Սոցիալական
աշխատանքը քրեական արդարադատության համակարգում» ձեռնարկի շնորհանդեսը։
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն
իր խոսքում նշեց, որ Հայաստանում սոցիալական աշխատողի մասնագիտությունը համեմատաբար
նոր է և կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար կարևոր է հայարեն լեզվով մասնագիտական
գրականության առկայությունը, որն այսօր խնդիր է։
«Այս դասագիրքը շատ տեղին ու ժամանակին պատրաստվեց, քանի որ
Արդարադատության նախարարությունը նախատեսում է հիմնել պրոբացիայի ծառայություն, կատարելագործել
ուղղիչ հաստատություններում կատարվող սոցիալական աշխատանքը, և այս առումով, մենք նմանատիպ
գրականության կարիք կունենանք»,– կարծիք հայտնեց Նիկոլայ Առուստամյանը։
Երևանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանքի և սոցիալական
տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության
համակարգում» ձեռնարկը լուրջ նվեր համարեց ոլորտի մասնագետներին և ուսանողներին։ Նրա
խոսքերով՝ 1992 թվականից ԵՊՀ–ում ներդրվել է «Սոցիալական աշխատանքը իրավախախտների հետ»
դասընթացը, բայց հայերենով ուսումնական գրականություն առ այսօր չկա՝ չհաշված ամբիոնի
ուժերով կատարված մի քանի հրապարակումները։
«Սոցիալական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը իրավախախտների
հետ տարվող սոցիալական աշխատանքն է»,– նշեց Արտակ Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում
սոցիալական աշխատողի կարգավիճակը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց քրեակատարողական
համակարգում 2001 թվականին, երբ բանտերում ստեղծվեցին սոցիալ–հոգեբանական և իրավական
հարցերով ծառայությունները։
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական
կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավար և «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում»
ձեռնարկի համահեղինակ Գայանե Հովակիմյանն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել
բոլոր շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ, քննարկել կենտրոնի կողմից
իրականացվելիք աշխատանքի հետագա ուղղությունները և ընդլայնել գործունեության դաշտը։
«Սոցիալական աշխատանքը արդարադատության համակարգում զարգացման նոր փուլ է մտնում։ Սոցիալական
աշխատողները երկար տարիներ բողոքում էին, որ իրենք կան, բայց աշխատելու համար դաշտ
չկա։ Այժմ այդ դաշտը կա, ստեղծվում է և ընդլայնվում»,– նշեց տիկին Հովակիմյանը։
Ձեռնարկը հրատարակվել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ–ի աջակցությամբ, հեղինակներն են Գայանե Հովակիմյանը և Արշակ Գասպարյանը։
