NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավոր Աիդա Հովհաննիսյանի վարքագիծը կքննարկվի էթիկայի հանձնաժողովում

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Այս մասին հայտում են Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից։
Ըստ հաղորդագրության՝ լրատվամիջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում դատավորի կողմից արգելված վարքագիծ դրսևորելու մասին։
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները և դրանց արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Վերջինս էլ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով։
Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունված որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 25-ի համարում տպագրվել էր հոդված, ըստ որի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը և նրա քույրը սպառնացել են Նունե Մկրտչյանին: Վերջինս «Ժողովուրդ» թերթին պատմել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը դատավորից գնել է բնակարան:
