NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գլխավոր դատախազության պարզաբանումը Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ նախագահը հանձնարարական է տվել վերանայելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման, այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ։
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու փաստի կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 12-ին պարզաբանում է տարածել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը և կիրառելը ինքնանպատակ չէ և չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ։ Այն նպատակ ունի «մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է՝ նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»:
Ըստ դատախազության՝ «նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից»:
Մյուս կողմից չի բացառվում, որ դատախազի կողմից քննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը վստահեցնում է, որ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն և գործի ընթացքի ու կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի, ինչպես նաև՝ կտեղեկացվի նախագահի հանձնարարականի ուղղությամբ դատախազության կողմից իրականացվող աշխատանքների մասին։
