Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու դիմումի վերաբերյալ գործ չհարուցվեց

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ–ն։

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, թե ոստիկանությունում հանդիպել է նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանին, ով ասել է, որ ձերբակալման օրը՝ երեկոյան ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից։ Հանդիպման հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, պատգամավորը հաղորդում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ բռնության վերաբերյալ քննություն իրականացնելու միջնորդությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանի գրության կապակցությամբ ՀՔԾ–ում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով: Իսկ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով նույնպես, ըստ Փաշինյանի, հայտնել է բռնությունների ենթարկվելու մասին, հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ առանց մեկնաբանելու նման դիրքորոշման պատճառը:

ՀՔԾ–ից հայտնում են, որ դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանն ասել են, որ իրենց մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում: Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ տեղեկություններ չեն հայտնել ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդիպել է ձերբակալվածներին, և բռնությունների վերաբերյալ բողոք չի ստացել Շանթ Հարությունյանի կամ մյուսների կողմից:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան